Սիրիական բանակը խոստանում է Քեսաբն ազատագրել 1 շաբաթում
Սիրիայի կառավարական ուժերը մեկ շաբաթվա ընթացքում մտադիր են «Ան - Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներին դուրս մղել հայաբնակ Քեսաբ ավանից և դրա շրջակայքի անտառածածկ բլուրներից, որտեղ նրանք հաստատվել են, գրում է ռուսական «Իզվեստիա» թերթը:
Տեղանքում գերիշխող դիրք ունեցող «45 բարձունքում» այժմ չեն աշխատում հեռուստատեսային վերահեռարձակիչն ու բջջային կապի ալեհավաքները, քանի որ օրերս զինյալներն այնտեղ են ուղարկել պայթուցիկներով համալրված ռազմական տեխնիկա:
Քեսաբի գործողության ղեկավարներից մեկը թերթին հայտնել է, որ «45 բարձունքում» մոտ 600 զինյալ է սպանվել, ինչը հաստատել է հետախուզությունը:
«45 բարձունքը» «Ան - Նուսրան» գրավել էր, քանի որ այդ կերպ հնարավորություն է տրվում անգամ զգալի հեռավորությունից խոցել հակառակորդին. խմբավորումն այնտեղ էր անցկացրել 5 օր: Իրենց լքած դիրքերում զինյալները տանկեր և այլ տեխնիկա են թողնում:
Աղբյուրը հայտնում է, որ տանկերը Թուրքիայից են բերվել, հետախուզությունը ֆիքսել է թուրք սահմանապահների և իսլամիստների բանակցությունները: Սակայն սիրիական բանակը կարծում է, որ ամենակարևոր տեղանքներից մեկի ազատագրումն ընդամենը ժամանակի հարց է:










