Թուրքիան Ցեղասպանության ճանաչման հարցում 2 մտահոգություն ունի՝ Սփյուռքն ու ՀՀ-ն. Արման Մելիքյան

16:31 • 11.04.14

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին երեկ ընդունված բանաձևը, թեև խնդիրը դեռ չի բերում գործնական լուծման դաշտ, սակայն համապատասխան մթնոլորտ է ձևավորում հատկապես սփյուռքահայության շրջանում, նման կարծիք Tert.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Արման Մելիքյանը՝ նշելով, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում երկու հիմնական մտահոգություն ունի:
«Մեկը կապված է արևմտահայության հետ, թուրքական իշխանությունների կողմից իրականացրած գործողությունների հետևանքով պատճառած բարոյական, ֆիզիկական ու նյութական վնասների փոխհատուցում տալու հեռանկարի հետ, իսկ մյուս՝ ներկայիս Թուրքիայի տարածքի մի մասը կորցնելու հնարավորության հետ: Եթե առաջին մտահոգությունն առավելապես կապված է սփյուռքահայության հետ, ապա երկրորդն ավելի շատ կապվում է Հայաստանի Հանրապետության հետ»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել:

 

Արման Մելիքյանն ընդգծեց, որ սովորաբար թուրքական պաշտոնատարները հայկական պետական ու սփյուռքահայ շրջանակների հետ իրենց շփումները կազմակերպելիս, ձգտել են միմյանցից տարանջատել այս երկու խնդիրները:


«Համենայնդեպս, թուրք դիվանագետների հետ ունեցած իմ շփումների փորձն ինձ իրավունք է տալիս ասելու, որ թուրքական կողմը հայ-թուրքական հարաբերությունների բնականոն զարգացման հիմնական խոչընդոտ է դիտարկում հենց սփյուռքահայությանը: Չեմ բացառում, որ նոր իրավիճակում էլ Թուրքիան կնախընտրի հարթել հենց Սփյուռքի հետ ունեցած խնդիրները՝ այդպիսով էապես նվազեցնելով իր տարածքային բաղադրյալի համար առկա տեսական սպառնալիքը»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, ապա քաղաքագետը նշեց, որ Թուրքիան կարող է դա անել, սակայն այդ քայլի հնարավոր նյութական հետևանքները չեզոքացնելու նախապայմանով:


«Թուրքերը կարող են մասնակիորեն վերադարձնել խլված գույքը և ճանաչել սփյուռքահայության՝ իր նախնյաց օջախները վերադառնալու իրավունքը, կատարվածի մեղքը բարդելով Երիտթուրքերի կառավարության վրա»,- ասաց նա:


Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ միայն հայ-թուրքական չմիջնորդավորված պաշտոնական շփումների ձևաչափն է ունակ նոր, փոխվստահության և երկարաժամկետ փոխընդունելի լուծումների համար նախադրյալներ ապահովել: