«Այթա» արևադարձային հզոր ցիկլոնը մոտեցել է Ավստրալիայի ափերին

09:52 • 11.04.14

«Այթա» արևադարձային հզոր ցիկլոնը մոտեցել է Ավստրալիայի հյուսիս-արևելյան ափերին, հայտնում է Взгляд-ը։

 

Սպասվում է, որ «Այթա»-ն կհատի ափային գոտին տեղական ժամանակով ժամը 19։00-ից հետո։ Քամու արագությունը ցիկլոնի էպիկենտրոնի մոտակայքում մոտ 300կմ/ժ է։ Ցիկլոնը կմոտենա Կուկթաուն քաղաքից հյուսիս գտնվող Յորք թերակղզուն, որտեղ ապրում է մոտ 2.300 մարդ։

 

Այս քաղաքում կա մինչև 1000 մարդ տեղավորող ապաստարան, այդ պատճառով էլ բնակիչներից շատերը կամ արդեն հեռացել են, կամ ամրացրել են իրենց տները։ Բացի ուժգին քամուց, սպասվում են անհավանական ուժեղ անձրևներ և հեղեղումներ։

 

Քանի որ ցիկլոնը համեմատաբար դանդաղ է մոտենում, կա լուրջ անհանգստություն, որ մոտենալով մայրցամաքին՝ այն կփոխի իր ուղղությունը, կտրուկ կթեքվի դեպի հարավ և կմոտենա Ավստրալիայի հյուսիսարևելյան ամենախոշոր քաղաքին՝ Քերնսին, որտեղ ապրում է մոտ 150.000 մարդ։