Որոնման գոտուց ստացվող ազդակները պատկանում են անհետացած Boeing-ի «սև արկղերին». Ավստրալիայի վարչապետ
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը հայտնել է, որ անհետացած մալայզիական ինքնաթիռի որոնման գոտուց ստացվող ազդակները պատկանում են Boeing 777 ինքնաթիռի «սև արկղերին», տեղեկացնում է Взгляд-ը՝ ավստրալական ABC հեռուստառադիոկորպորացիային հղումով։
«Մենք զգալի կրճատել ենք որոնողական աշխատանքների գոտին, և վստահ ենք, որ ազդակները ստացվում են օդանավի «սև արկղերից»»,-ասել է պաշտոնյան։
Աղբյուրը մանրամասնում է, որ արդեն մի քանի օր է, ինչ օդանավի բեկորները որոնող նավերը որսում են ազդակներ և, դատելով դրանց հաճախականությունից, դրանք պատկանում են անհետացած Boeing-ին։
Հիշեցնենք, որ 227 ուղևորով ու 12 հոգանոց անձնակազմով օդանավը, որը Մալայզիայի մայրաքաղաքից ուղևորվում էր Պեկին, անհետացել է մարտի 8-ին՝ Վիետնամի օդային տարածքում։ Ենթադրվում է, որ այն վթարի է ենթարկվել Հնդկական օվկիանոսի հարավային մասում, սակայն դրա բեկորները դեռևս չեն հայտնաբերվել։










