Տուժող կողմի փաստաբանները կբողոքարկեն «Հարսնաքարի» գործով վճիռը
«Հարսնաքարի» գործով վճիռն ստանալուց հետո տուժող կողմը մեկամսյա ժամկետում կբողոքարկի այն: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց տուժող կողմի փաստաբան Տիգրան Եգորյանը: Բողոքարկման պատճառն այն է, որ ըստ փաստաբանի՝ ամբաստանյալների արարքը պետք է որակավորվեր իբրև ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն:
«Մենք այդ պահանջը հնչեցնում էինք նախաքննությունն ավարտելու և գործի նյութերին ծանոթանալու պահից: Այժմ էլ պնդում ենք, որ արարքը սխալ է որակվել, և այդ սխալը պատահական չի կատարվել: Ասվածի վառ ապացույցն էր՝ հապճեպ ավարտված և կիսատ-պռատ նախաքննությունը և այն, որ դատարանը դատաքննության ընթացքում առանձնապես մեծ ջանքեր չէր ձեռնարկում և չէր բավարարում հանցագործության դետալների և գործի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքների բացահայտման և քննման հարցին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին «Հարսնաքարի» գործով 6 ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման և յուրաքանչյուրը՝ 100 հազ. դրամ տուգանքի:
Նշենք, որ գործով վճռի հրապարակման ընթացքում ամբաստանյալների ու նրանց հարազատների կողմից բազմաթիվ սպառնալիքներ և հայհոյանքներ ուղղվեցին տուժող կողմի փաստաբանի նկատմամբ: Տիգրան Եգորյանն այս առնչությամբ նշեց, որ դեպքից անմիջապես հետո հայտարարել են, որ ակնկալում են իրավապահ մարմինների պատշաճ աշխատանքը և արձագանքը, իսկ մոտ ապագայում դրա բացակայության դեպքում ստիպված կլինեն բողոքարկել դատախազության անգործությունը:
«Մեր հայտարարություններից հետո գլխավոր դատախազը հայտարարեց, որ պետք է նախ՝ ուսումնասիրի դատական նիստի ձայնագրությունը, հետո միայն գնահատական տա: Բնականաբար՝ այդպիսի հայտարարությունը ևս լուրջ չէ և, առհասարակ, գլխավոր դատախազի լիազորություններից դուրս: Քանի որ այդ ձայնագրությանը կարելի է ծանոթանալ բացառապես քրեական գործի շրջանակներում, ուստի նախ՝ պետք է գործ հարուցեին: Դրանից հետո հաղորդագրություն տարածվեց, որ նյութեր են նախապատրաստում գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի կապակցությամբ՝ հերթական կիսատ մոտեցումը»,-ասաց նա:
Տիգրան Եգորյանը հիշեցրեց, որ միջադեպը տեղի է ունեցել բոլոր լրատվամիջոցների աչքի առջև, տեսաձայնագրվել են բոլոր հայհոյանքները՝ ուղղված դատարանին, տուժող կողմի փաստաբաններին, իրենց ընտանիքների նկատմամբ հաշվեհարդարի սպառնալիքները, դատավորի ուղղությամբ առարկաներ նետելը և այլն:
«Դատարանում կային կարգադրիչներ, անվտանգության միջոցառում իրականացնող ոստիկաններ, ուղեկցող գնդի ոստիկաններ, դատական նիստերի դահլիճում էր նաև դատավորը: Ի՞նչն էր խանգարում իրավապահ մարմիններին նույն օրը ձեռնամուխ լինել իրենց անմիջական պարտականությունների իրականացմանը, նրանցից յուրաքանչյուրն իր լիազորությունների և պարտականությունների շրջանակներում արդյոնավետորեն գործելու պարագայում պետք է նպաստեր այդ ամենի կանխարգելմանը, իսկ արդեն կատարվածի կապակցությամբ պատշաճ ընթացակարգերի գործարկմանը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծից 12 օր անց` 2012թ. հունիսի 29-ին, այդպես էլ գիտակցության չգալով՝ մահացել է ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:










