Օլանդի նախկին կինն իր թվիթի միջոցով կարող է տապալել նախագահի պաշտոնական այցը Մեքսիկա

15:40 • 11.04.14

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին քաղաքացիական կինը՝ լրագրող Վալերի Տրիերվեյլերը, այս տարվա հունվարին սիրելիից բաժանվելուց հետո երկար ժամանակ իր մասին խոսել չէր տալիս։ Սակայն այժմ նա կրկին հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, քանի որ Twitter սոցկայքի իր էջում այնպիսի հաղորդագրություն է թողել, որը սպառնում է տապալել Օլանդի՝ Մեքսիկա կատարած պաշտոնական այցը։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, Օլանդին կատաղեցրել է Տրիերվեյլերի փոստն այն մասին, որ ինքը (նախկին կինը) աջակցում է մի ֆրանսուհու, ով մոտ 3 տարի չի տեսել իր 3 զավակներին, քանի որ դատական քաշքշուկի մեջ է գտնվում Մեքսիկայի նախագահ Էնրիկե Նյետոյի մտերիմ ընկերոջ, երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի՝ Արթուրո Մոնտիելի հետ։

 

Տրիերվեյլերը նշել է, որ համատեղ երեխաների խնամակալության համար վիճող ծնողների հարցը պետք է լուծվի ֆրանսիական դիվանագիտության միջոցով, որը, սակայն, այդպես էլ քայլեր չի ձեռնարկում։

 

Պարբերականը նշում է, որ Փարիզի ու Մեխիկոյի միջև վերջին շրջանում ստեղծված լարվածությունը հարթելու նպատակով Մեքսիկա մեկնած Օլանդին ամենևին էլ դուր չի եկել նախկին կնոջ թվիթը, քանի որ այն միայն կխանգարի դրված նպատակների իրականացմանը և մասամբ կարող է տապալել իր այցը։