Հ. Բիշարյանը խախտել է էթիկան՝ առաջ ընկնելով ՀՀԿ-ից, իհարկե՝ եթե ՀՀԿ-ն չի խնդրել հնչեցնել Ա.Բաղդասարյանի անունը. քաղաքագետ
«Օրինաց երկիրը», Ազգային ժողովում ունենալով խիստ փոքրաթիվ խմբակցություն, իսկ կոալիցիայում, ինչպես ժամանակին նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը, «կույր աղիքի» դերակատարություն, խախտել է էթիկայի որոշակի կանոններ՝ առաջ ընկնելով Հանրապետական կուսակցությունից և ասելով, որ իրենց նախընտրելի թեկնածուն Արթուր Բաղդասարյանն է:
Այս մասին Tert.am –ին հայտնեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հայտարարությունը, թե վարչապետի պաշտոնում իր նախընտրելի թեկնածուն Արթուր Բաղդասարյանն է:
«ՕԵԿ-ը էթիկայի առումով պետք է առաջ չընկինի և սպասի, որ այդ հարցը նախ՝ քննարկվի Հանրապետական կուսակցությունում, եթե իհարկե՝ ՀՀԿ-ն Արթուր Բաղասաարյանին առաջադրելու կամ պաշտպանելու մտադրություն չունի: Բայց նույնիսկ՝ այդ դեպքում էթիկայի կանոններից դուրս է , երբ առաջ են ընկնում և իրենք հայտարարում»,-ասաց Հմայակ Հովհաննիսյանը, ով սկզբում հակված չէր մեկնաբանել Հեղինե Բիշարյանի հայտարարությունը՝ ասելով, որ ոքի մեկի համար գաղտնիք չէ, որ վերջինս երկրպագում է Արթուր Բաղդասարյանին՝ կանացի մեծագույն ջերմեռանդությամբ:
Հմայակ Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ պատահական չէր, որ ՕԵԿ խորհրադարանական խմբակցության ղեկավարի այս հայտարարությունը ժամանակագրական առումով համընկավ Սահմանդրական բարեփոխումների հանձնաժողովի հրապարակած առաջարկությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանը:
«Եթե երկրի կառավարման մոդելը չի վերանայվելու, կամ վերանայման դեպքում Սերժ Սարգսյանը չի հավակնելու վարչապետի պաշտոնին, ապա Արթուր Բաղդասարյանի համար տեսական հնարավորություն է ստեղծվում՝ դառնալու Սերժ Սարգսյանի իրավահաջորդը և վերապրելու նրան քաղաքական Օլիմպոսին: Եվ ինչպե՞ս կարող էր այդ հեռանկարը չոգևորել Հեղինե Բիշարյանին»,-հարցրեց քաղաքագետը:
Ի դեպ՝ նա նշեց, որ Հեղինե Բիշարյանը նաև քաղաքական նրբանկատությունից ելնելով՝ չպետք է նման հայտարարություն աներ, քանի որ նրա խոսքով՝ ոչ մի ղեկավար չի սիրում, երբ իր մերձավորագույն զինակիցները և աճեցրած կադրերը վերապրում են իրեն:
Ի դեպ, Tert.am –ը փորձեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի մամուլի քարտուղար Արթուր Միսակյանից պարզել, թե Հեղինե Բիշարյանի հայտարարությունից կարելի՞ է եզրակացնել, որ ՕԵԿ-ը վարչապետի պաշտոնի համար Նախագահին ներկայացրել է հենց Բաղդասարյանի թեկնածությունը, սակայն վերջինս ասաց՝ no comment և առաջարկեց հարցն ուղղել Հեղինե Բիշարյանին:










