Քեսաբում զինյալները փորձում են նահանջել. LifeNews

10:37 • 11.04.14

Սիրիայի սահմանային Քեսաբ ավանը գրաված իսլամիստ զինյալները սկսել են նահանջի ուղիներ փնտրել, հայտնում է LifeNews-ը:

 

Հեռուստաընկերության նկարահանող խումբը դեպքի վայրից հայտնել է, որ Քեսաբի ճակատի ձախ հատվածից կառավարական ուժերն առաջանում են, ահաբեկիչների դիրքերի նկատմամբ մի քանի հարված է հասցվել տանկերից: Եվ այժմ սիրիական բանակի տվյալներով՝ զինյալների հետախուզական խումբը լեռնային ճանապարհներով փորձում է նահանջել:

 

Ապրիլի 10-ին Սիրիայի բանակը սկսել է Քեսաբը մաքրել զինյալներից:

Սկզբում զինյալները մեծ խմբերով են տեղաշարժվել, սակայն Քեսաբ ներխուժումից 15 օր անց նրանց թիվը զգալիորեն նվազել է: Ըստ սիրիացի զինվորականների՝ թուրքերն արջի ծառայություն են մատուցել նրանց, և «Քեսաբում նրանք կգտնեն իրենց գերեզմանը»։

 

Սիրիա-Թուրքիա սահմանի լեռներում, ըստ աղբյուրի, մասշտաբային գործողություն է ծավալվել: Երկրի տարբեր մասերից այստեղ են բերվում զինված ուժեր, որպեսզի ավանը ազատագրվի:

 

Մարտի 21-ից հայաբնակ Քեսաբ ավանի վրա իրականացրած հարձակմանը մասնակցել է 9.000 զինյալ: Աղբյուրի գնահատմամբ՝ նախագահ Բաշար ալ Ասադը վճռական պայքարի է դուրս եկել այն բանից հետո, երբ համացանցում է հայտնվել հայերի՝ օգնության մասին կոչը: