«Արևելյան գործընկերությունն» օգտագործվել է Ռուսաստանին հակազդելու համար. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը մտածված է եղել որպես «զրոյական արդյունքով խաղ»՝ հետխորհրդային տարածքում ինտեգրման գործընթացներին հակազդելու համար, գրում է ria.ru-ն:
«Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագիրն ի սկզբանե, հակառակ մեր նախազգուշացումների, զարգացել է թաքուն, և պարզ է դարձել, որ այն մտածված է եղել «զրոյական արդյունքով խաղի» տրամաբանության հիման վրա»,- հայտարարել է Լավրովը:
Նա նաև նշել է, որ հակառուսական տրամադրությունների հրահրումը վտանգ է ներկայացնում եվրոպական կայունության համար:
«Այսօրվա հակառուսական տրամադրությունների հրահրումը տեղի է ունենում Եվրամիության շատ երկրներում ռասիզմի և քսենոֆոբիայի, ծայրահեղ արմատական խմբավորումների թվի աճի, նեոնացիստական դրսևորումների թողտվության ֆոնին, լինի դա Ուկրաինայում կամ այլուր, այն ակնհայտ վտանգ է ներկայացնում եվրոպական կայունության համար»,- հավելել է Ռուսաստանի արտգործնախարարը:










