Մոսկվաբնակ «մոգ» Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել իր հաճախորդուհիների սպանության համար

11:30 • 11.04.14

Մոսկվայի քաղաքային դատարանի ատենակալների կոլեգիան մեղադրական եզրակացություն է կայացրել «մոգ» Գեորգի Մարտիրոսյանի գործով, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել իր երեք հաճախորդուհիներին թալանելու և սպանելու համար: Նախքան ձերբակալությունը Մարտիրոսյանը Մոսկվայում հայտնի «մոգ» էր, ով իր հաճախորդներին հարստացում էր խոստանում և տպավորիչ արարողություններ անցկացնում:

 

Ըստ քննության նյութերի՝ Մարտիրոսյանը տեղեկություն է ստացել, որ իր հաճախորդուհիները խոշոր գումարներ ունեն, գնացել է նրանց բնակարաններ՝ ծիսակարգ անցկացնելու պատրվակով, կանանց խմիչքի մեջ հերոին է լցրել, ապա օգտվելով նրանց անօգնական վիճակից՝ թմրանյութի մահացու չափաբաժին ներարկել:

 

Այս կերպ Մարտիրոսյանը 6,5 մլն ռուբլի և ոսկեղեն է հափշտակել: 

Մարտիրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, պնդում է, որ կանայք մահացել են գերդոզավորումից:

Վճռի արդյունքը կքննարկվի ապրիլի 15-ին, նրան սպառնում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: Աղբյուրը նշում է, որ նա եզրակացությունը լսել է առանց հույզերի: