ՆԱՏՕ-ում պնդում են, որ Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի լուսանկարները թարմ են
ՆԱՏՕ-ի հրապարակած լուսանկարները, որտեղ երևում են Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերը, արվել են վերջերս՝ 2014 թվականի մարտի վերջից մինչև ապրիլի սկիզբ։ Այս մասին ուրբաթ հայտարարել է դաշինքի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն, հաղորդում է Interfax.ru-ն:
«Դրանք արվել են մարտի վերջից ապրիլի սկիզբն ընկած ժամանակահատվածում: Դա երևում է լուսանկարների վրա առկա ամսաթվերից»,- գրել է նա Twitter-ում՝ մեկնաբանելով լուսանկարների հրապարակումը:
ՆԱՏՕ-ի ռազմական ներկայացուցիչը նույնպես վստահեցրել է, որ լուսանկարներն արվել են այդ ժամանակահատվածում, ընդ որում՝ հրապարակումից առաջ դրանք չեն խմբագրվել:
«Որոշ ԶԼՄ-ներ մեջբերում են ռուս ներկայացուցիչների խոսքերը, որոնք պնդում են, թե լուսանկարներն արվել են 2013 թվականի օգոստոսին և որ այդտեղ պատկերված են այդ ժամանակ անցկացվող զորավարժությունները: Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբը որոշել է հրապարակել լրացուցիչ լուսանկարներ՝ ցույց տալու համար, որ ռուս ներկայացուցիչների պնդումները բոլորովին սխալ են»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
«Խոսքը լուսանկարների մասին է, որոնց մի մասն արվել է 2013 թվականին, մի մասը՝ 2014-ի սկզբին: Դրանցում երևում է, որ ուսումնասիրվող շրջաններում մինչև 2014 թվականի մարտ զորքեր չեն եղել: Ոչ մի տվյալ չկա, որ ցույց կտա այդ շրջաններում 2013 թվականին կամ 2014 թվականի սկզբին որևէ ռազմական ակտիվություն»,- հավելել է նա:










