Լոս Անջելեսում ոստիկանները սխալմամբ տղամարդու են սպանել

09:46 • 11.04.14

Լոս Անջելեսի շրջանի շերիֆի օգնականները սխալմամբ տղամարդու են սպանել՝ նրան հանցագործի տեղ դնելով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին: Սպանված 30-ամյա Ջոն Ուինքլերը սկսնակ հեռուստատեսային պրոդյուսեր էր:

 

Ինչպես հինգշաբթի հայտնել են շերիֆի ներկայացուցիչները, Ուինքլերին և ևս երկու տղամարդու Արևմտյան Հոլիվուդի բնակարաններից մեկում պատանդ է պահել 27-ամյա Ալեքսանդր Մաքդոնալդը, ով զինված է եղել դանակով: Ոստիկանության ներկայացուցիչների խոսքերով՝ Մաքդոնալդը ոչ ադեկվատ վիճակում է եղել:

 

Ուինքլերը կարողացել է տնից փախչել երկրորդ պատանդի հետ, ինչից հետո տղամարդիկ հանդիպել են իրավապահներին: Երեք սպաները սխալմամբ Ուինքլերին դրել են հանցագործի տեղ և միաժամանակ մի քանի կրակոց են արձակել:

 

Ուինքլերը մահացել է հիվանդանոցում: Մակդոնալդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է ներկայացվել:


«Անմեղ մարդու կյանքից զրկելը ոստիկանության աշխատակցի ամենամեծ մղձավանջն է»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ժամանակավոր շերիֆ Ջոն Սքոթը: Նա հավելել է, որ ողջ բաժինը սգում է Ուինքլերի մահվան կապակցությամբ։