Յացենյուկը կողմ է արտահայտվել Ուկրաինայում տեղական հանրաքվեների մասին օրենքին
Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից նշանակված վարչապետ Արսենի Յացենյուկը կարծում է, որ խորհրդարանը պետք է տեղական հանրաքվեներ անցկացնելու մասին օրենք ընդունի: Այդ մասին նա հայտարարել է Դոնեցկում՝ Հարավ-արևելյան Ուկրաինայի ղեկավարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում անելով «Օստրով»-ին:
Տեղական հանրաքվեների անցկացում են պահանջում երկրի հարավ-արևելքում ցուցարարները: Նրանց կարծիքով՝ հանրաքվեն պետք է օգնի որոշելու մի շարք տարածքների հետագա կարգավիճակը:
Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն մինչ այդ հայտարարել էր, որ նախագահական ընտրությունների հետ մեկտեղ Ուկրաինայում հարկավոր է անցկացնել Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հարցում կամ հանրաքվե՝ բնակչությանը հանգստացնելու, բոլոր խնդիրները լուծելու և թույլ չտալու համար նախագահական ընտրությունների բոյկոտ։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքներով՝ Ղրիմը դուրս եկավ Ուկրաինայի կազմից և միացավ ՌԴ-ին։










