Դոնեցկում զինված անձինք գրավել են ոստիկանության բաժանմունքը. այնտեղ են ուղարկվել հատուկջոկատայիններ

14:00 • 12.04.14

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Դոնեցկի շրջանում զինված մարդիկ գրավել են ոստիկանության բաժանմունքի շենքը, հայտնում է lenta.ru-ն։



«Սլավյանսկում զինված անձինք գրավել են ոստիկանության շրջանային բաժանմունքի շենքը։ Ռեակցիան կլինի դաժան»,- այսօր առավոտյան գրել է նա Facebook-ի էջում։

 

Ավելի ուշ նա գրել է. «Սլավյանսկ են ուղարկվել հատուկջոկատայիններ։ Զենքով ահաբեկիչներին՝ զրոյական համբերություն»։

 

Միևնույն ժամանակ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ ուկրաինական ԶԼՄ-ներին հղումով, հայտնում է, որ մի քանի տասնյակ մարդիկ այս գիշեր մտել են Դոնեցկի շրջանի դատախազության շենք։ Սակայն դեպքի վայր են ժամանել իրավապահները և ազատել շենքը։

 

Ուկրաինայի ՆԳՆ-ն զգուշացրել է, որ իրավապահները «խիստ կարձագանքեն իրավիճակի ապակայունացման փորձերին», հատկապես՝ երկրի արևելքում, որտեղ ցույցեր են անում երկրի դաշնայնացման կողմնակիցները։ Նրանք ցանկանում են, որ երկրի շրջաններում հանրաքվեներ անցկացվեն շրջանների կարգավիճակի վերաբերյալ։