Որոշ հայկական եկեղեցիներ Սիրիայում վերածվել են իսլամական կառույցների. հալեպցի հուշարձանագետ
Սիրիական պատերազմի պայմաններում այնտեղ գտնվող հայկական մի քանի եկեղեցիներ գտնվում են ընդդիմադիրների վերահսկողության տակ, որոնցից որոշները նրանք վերածել են իսլամական ինչ-որ կառույցների: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» գիտաշխատող, ծննդով հալեպցի, հուշարձանագետ Րաֆֆի Քորթոշյանը:
Նրա փոխանցմամբ՝ հայկական բնակավայրերի մասին քիչ են տվյալները, հատկապես այն վայրերում, որտեղ ընդդիմադիր ուժերն իրենց վերահսկողությունն են իրականացնում, բայց տեղեկություններ կան, որ Րաքքայի Հայ կաթողիկե եկեղեցին գտնվում է ընդդիմադիր ուժերի հսկողության տակ: «Եկեղեցին հիմա չի գործում, այն վերածել են իսլամական մի կառույցի»,-ասաց Րաֆֆի Քորթոշյանը:
Վերջինիս խոսքով՝ Թալաբիաթ գյուղաքաղաքի Հայ առաքելական եկեղեցին, որը նույնպես ընդդիմադիրների հսկողության տակ է, տեղեկություններ կան, որ վնասվել է: Դրանից բացի Հալեպի Նոր Գյուղ թաղամասի Սուրբ Գևորգ եկեղեցին էր մեկ տարի առաջ հրկիզվել, Հալեպի հայկական ծերանոցը և դրա ներքնահարկում գտնվող փոքր մատուռանման մի կառույց:
«Որպես հուշարձան նաև Հալեպի երեք համայնքների գերեզմանոցն է վնասվել, որոնցում հայ կաթոլիկներն ու առաքելականներն ունեին մատուռներ»,- ասաց նա:
Քեսաբից լուրերը շատ տարբեր են, և ինչպես հուշարձանագետը նշեց, լրատվամիջոցներում երևում է, որ այնտեղի եկեղեցիները նորմալ վիճակում են գտնվում, սակայն հստակ տեղեկություններ չկան: «Քեսաբի շրջկենտրոնում կար երեք եկեղեցի, գյուղերում նույնպես եկեղեցիներ կան, դրանք գտնվում են ընդդիմադիրների ձեռքում, բայց դրանց մասին կրկին հստակ տեղեկություններ չկան»,- եզրափակեց նա:










