Ամբողջությամբ գիտակցում եմ, թե ինչ պատասխանատվություն եմ ստանձնում. Հ. Աբրահամյան
ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ խորհրդի նիստում շնորհակալություն է հայտնել երկրի Նախագահ Սերժ Սարգսյանին՝ վստահության համար:
«Շնորհակալ եմ վստահության, սատարման և ջերմ խոսքերի համար: Շնորհակալ եմ հարազատ կուսակցությանս՝ այս ուժեղ և հիմնավոր աջակցության համար: Շնորհակալ եմ նաև Տիգրան Սարգսյանին՝ այն աշխատանքի համար, որն արվել է այս տարիների ընթացքում:
Պարո՛ն Նախագահ,
Ամբողջությամբ գիտակցում եմ, թե ինչ պատասխանատվություն եմ ստանձնում: Ես ինձ վստահ եմ զգում Ձեր սատարմամբ, ուժեղ եմ մեր կուսակցությամբ և հավատում եմ մեր հաջողություններին:
Գաղտնիք չէ, որ մեր ժողովրդի մի զգալի մասն այսօր ապրում է ոչ բարեկեցիկ: Առաջնահերթ խնդիրը Հայաստանի քաղաքացու` իր երկրում արժանավայել ապրելու հնարավորության ստեղծումն է: Սա է լինելու մեր բոլորի գերնպատակը: Եվ ձևավորվող Կառավարությունն է, որ պետք է ստանձնի պատասխանատվությունը ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու համար:
Ակնկալում եմ նաև կառուցողական աշխատանք Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ:
Պարո՛ն Նախագահ,
Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ այս վստահության համար: Բոլոր իմ հաջողությունները եղել են Հանրապետական կուսակցության շնորհիվ, Ձեր սատարման շնորհիվ և այս անգամ ևս Հանրապետական կուսակցության առաջարկով ես առաջադրվում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնին: Դա անելու եմ գիտակցումով և մեծ նվիրումով»,-ասել է Հ. Աբրահամյանը:










