Ուկրաինայի ՆԳ նախարարը հայտարարել է Սլավյանսկում հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին

11:21 • 13.04.14

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է Սլավյանսկում հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին. այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում։


«Սլավյանսկում հակաահաբեկչական գործողություն է սկսվել։ Ներառվել են երկրի բոլոր ուժային կառույցների ստորաբաժանումները»,-հաղորդել է Ավակովը։ 


Իսկ ոչ պաշտոնապես Ավակովը գրել է։ «Ովքեր են այն տիկնիկավարները, որոնք այս պահին են դա անում, երբ մենք պետք է կենտրոնանանք Դոնբասի վրա։ Ցանկանում էին մոլոտովյան կոկտեյլներով դարձյալ այրե՞լ Խարկովը և վախեցնել չեզոքներին «ռազմատենչ իրավունքով»։ Ցանկանում էին, որ երեկոյան բորբոքվի ոչ միայն Դոնեցկն ու Լուգանսկը, այլև Խարկո՞վը։ Ո՞ւմ համար եք աշխատում, ընկերնե՛ր, ո՞վ է օգտագործում ձեզ և ձեր էմոցիաները։ Միացրեք ձեր ուղեղները վերջապես»,-գրել է նա։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինվորական համազգեստով մարդիկ գրավել են Դոնեցկի շրջանում Սլավյանսկի ոստիկանության քաղաքային բաժանմունքը։ Իրավապահների խոսքերով՝ գրավման պահին օգտագործվել է արցունքաբեր գազ։ Քաղաքային ստորաբաժանման վրա կախել են ռուսական դրոշը։


Հերթապահ մասում պահվել է ավելի քան 20 միավոր ինքնաձիգ և ավելի քան 400 ատրճանակ և փամփուշտներ։ Դրանք գրավողների մոտ են։