Մենք ո´չ թե մերժում ենք վարչապետի անձը, այլ` Կառավարություն ձևավորելու՝ ՀՀԿ–ականների կեղծված մեծամասնության իրավունքը. ՀԱԿ

19:00 • 14.04.14

Հայաստանում ստեղծված է բարդ քաղաքական իրավիճակ: Չորս խորհրդարանական ուժերի՝ Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Ժառանգության» և Հայ Յեղափոխական Դաշնակցության վերջնագրի շնորհիվ՝ Սերժ Սարգսյանը ստիպված էր պարտադրել վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանը նոր վարչապետ է նշանակել Հովիկ Աբրահամյանին:


Այս մասին ասվում է Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ, որում թվարկված են այս կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի մոտեցումները. «Հայաստանի իշխանությունների մեղքերի և ձախողումների համար պատասխանատու է ամբողջ հանրապետական մեծամասնությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Մենք չպետք է սպասենք կառավարության ձևավորմանը և նրա կողմից ծրագրի ներկայացմանը, որպեսզի վերաբերմունք հայտնենք նոր կառավարության նկատմամբ:


Հայաստանի ոչ լեգիտիմ, կոռումպացված իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի ռեժիմի, ի վիճակի չեն Հայաստանի զարգացման որևէ ծրագիր իրականացնել և կորցրել են Հայաստանում կառավարություն ձևավորելու որևէ իրավունք: Մենք ոչ թե մերժում ենք վարչապետի կամ որևէ նախարարի անձը կամ նրանց ներկայացրած ծրագիրը, այլ մենք մերժում ենք Հայաստանում կառավարություն ձևավորելու հանրապետականների կեղծված մեծամասնության իրավունքն ընդհանրապես: Ուստի մեր կարծիքով ընդդիմադիր քաղաքական ուժերի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը:


Ինչ վերաբերում է ստեղծված վիճակում Քառյակի գործունեությանը, ապա Հայ ազգային կոնգրեսը վերահաստատում է իր պատրաստակամությունն ու վճռականությունը շարունակելու այդ ձևաչափով իշխանափոխությանն ուղղված միասնական ջանքերը և արդյունավետ համագործակցությունը»։