ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

15:08 • 14.04.14

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ուղերձում մասնավորապես, ասված է.

«Հարգարժան պրն Աբրահամյան


Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: ՀՀ նախագահի և Հայաստանի իշխող` Հանրապետական կուսակցության կողմից Ձեր հանդեպ ցուցաբերված բարձր վստահությունը վկայում է, որ ունեցած մեծ փորձառությունն ու քաղաքական գործչի լավ համբավը լավագույնս կարող եք ծառայեցնել Հայաստանի առջև ծառացած կենսական խնդիրների լուծմանը:


Վստահ եմ, որ Ձեր վարչապետական գործունեությունը լինելու է արդյունավետ ու արգասավոր և այն իր կարևոր սլաքներից մեկով ուղղված կմնա ի բարօրություն Արցախի: Մեր անկախության սկզբից ի վեր ՀՀ իշխանությունները սերտ գործնական ու ընկերական հարաբերություններ են պահպանում հայկական երկրորդ հանրապետության հետ և հնարավորինս աջակցում նրա զարգացմանն ու ամրապնդմանը: Լիահույս եմ, որ Դուք խորացնելու եք այդ ավանդույթը և այսուհետ Ձեր առնչություններն ու համագործակցությունը Արցախի կառավարության, իշխանության մյուս թևերի և հասարակության հետ լինելու է առավել ծավալուն ու բազմակողմանի:


Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություններ նոր պաշտոնում» :