Ավստրալիայի կառավարությունը քննարկում է կենսաթոշակային տարիքը մինչև 70 տարեկան բարձրացնելու հարցը
Ավստրալիայի ֆինանսների նախարար Ջո Հոկին հայտնել է, որ երկրի կառավարությունը քննարկում է կենսաթոշակային տարիքի բարձրացման հնարավորությունը:
«Իմ սերնդի մարդիկ, հավանաբար, ստիպված կլինեն աշխատել ևս երեք տարի»,- հայտարարել է 48-ամյա Հոկին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Նա նաև ակնարկել է թոշակների չափերի կրճատման հնարավորության մասին:
«Այժմ դրանց չափը որոշվում է շաբաթական եկամուտի հիման վրա, ինչը բարձր ցուցանիշ է, սակայն այն ոչ միշտ է այդքան բարձր մնալու»,- զգուշացրել է Հոկին՝ ընդգծելով, որ երկիրն այժմ չի ապրում իր հնարավորությունների համապատասխան, և պետք է որոշում կայացվի խիստ միջոցներ ձեռնարկելու մասին:
«Մենք պետք է կառուցողական բանավեճ անցկացնենք երկրում ներկայիս կենսամակարդակը պահպանելու հնարավորության վերաբերյալ, խոսքը ոչ միայն կենսաթոշակների մասին է, այլև այլ հարցերի (սոցիալական ոլորտի)»,- պարզաբանել է ֆինանսների նախարարը:
Այժմ ավստրալացիները կարող են թոշակի անցնել 65 տարեկանում: 2017 թվականից կսկսվի կենսաթոշակային տարիքի աստիճանական՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ կես տարով, բարձրացման գործընթաց, արդյունքում՝ 2023 թվականին կենսաթոշակային տարիքը կլինի 67-ը: Համաձայն Հոկիի հայտարարության՝ այնուհետ այն կբարձրացվի ևս երեք տարով:










