Անհետացած Boeing-ի որոնման հատվածում վառելիքի հետք է հայտնաբերվել

11:00 • 14.04.14

Ավստրալական Ocean Shield ռազմանավը մալայզիական անհետացած ինքնաթիռի որոնման հատվածում հայտնաբերել է նավթային հետք, ինչի մասին տեղեկացնում է РИА-Новости-ն՝ վկայակոչելով ավստրալական Որոնողական աշխատանքների համակարգման կենտրոնի ղեկավար Անգուս Հյուսթոնին։

 

«Ես կարող եմ տեղեկացնել, որ Ocean Shield-ը երեկ երեկոյան ինքնաթիռի որոնման հատվածում նավթային հետք է հայտնաբերել»,- հայտնել է Հյուսթոնը մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նաև հավելել է, որ մասնագետներն արդեն վերցրել են վառելիքի նմուշներն ու մտադիր են անալիզ անցկացնել՝ հասկանալու համար, թե որտեղից է այն։

 

Հյուսթոնը նաև անդրադարձել է ինքնաթիռի «սև արկղերին»՝ ասելով, որ դրանք արդեն 6 օր է, ինչ ազդակներ չեն արձակում։ Պաշտոնյայի խոսքով՝ ավստրալական ռազմանավը շուտով կսկսի ինքնաթիռի ստորջրյա որոնումները՝ Bluefin- 21 սարքի միջոցով։

 

Հիշեցնենք, որ Boeing 777-ը, որում գտնվել է 227 ուղևոր և 12 հոգանոց անձնակազմը, անհետացել է մարտի 8-ին՝ Մալայզիայի մայրաքաղաքից Պեկին թռչելու ժամանակ։ Թեև Մալայզիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ օդանավը կործանվել է, սակայն դրա բեկորներն առայսօր չեն հայտնաբերվել։