Ոստիկանները Չինաստանի հարավ-արևմուտքում առգրավել են ռեկորդային քանակի զենք
Ոստիկանությունը Չինաստանի հարավարևմտյան Գույչժոու շրջանում առգրավել է անօրինական զենքի ամենախոշոր խմբաքանակը այդ երկրի պատմության մեջ, այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով «Սինխուա» գործակալությանը:
Ոստիկանությունը բռնել է խմբավորման մասնակիցներին, որոնք անօրինական զենք էին պատրաստում և վաճառում: Ոստիկանները մի քանի թաքստոցներում առգրավել են 15 հազար միավոր հրազեն և 120 հազար միավոր սառը զենք։ Խմբավորման մասնակիցները ձերբակալվել են:
Գործակալության տվյալներով՝ անօրինական բիզնեսն աշխատել է 27 չինական շրջանների տարածքում, այդ թվում և Գուանդուն, Խունան և Սիչուան շրջաններում:
Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ զենքի վաճառքով ենթադրյալ հանցագործները զբաղվում էին ընտանեկան բիզնեսի անվան տակ:










