Անիվը փոխելուց առանձնապես բան չի փոխվում մեքենայի հզորության մեջ. Գագիկ Գինոսյանը՝ մշակույթի նախարարի մասին

22:32 • 14.04.14

«Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե իր պատկերացմամբ` ո՞վ կամ ինչպիսի՞ն պետք է լինի մշակույթի նախարարը, ասաց, թե չի կարծում, որ այսօր ամենլուրջ ու ամենանվիրյալ մշակույթի գործիչը կարող է լուրջ բան փոխել Հայաստանի մշակույթի ասպարեզում:

 


«Դա հստակ համակարգված մեքենա է, որն աշխատում է: Անիվը փոխելուց առանձնապես բան չի փոխվում մեքենայի հզորության կամ ուղղվածության մեջ, քանի որ ղեկին նստող մարդն է որոշում, թե մեքենան դեպի ուր գնա»,-ասաց Գագիկ Գինոսյանը:

 


Վերջինիս գնահատմամբ՝ անձերով ոչինչ չի որոշվելու, քանի որ կարևորը ելակետն է, և կարևորն այն լծակներն են, որոնք կտրամադրվեն նորանշանակ նախարարներին:


«Եթե լծակներ չեն ունենալու և կաղապարված են լինելու, ինչպե՞ս պետք է գործունեություն ծավալեն»,-նկատեց Գագիկ Գինոսյանը՝ հավելելով, թե չի ուզում հստակ որևէ մեկի մասին կարծիք հայտնել ո՛չ այն պատճառով, որ վախենում է, այլ՝ որովհետև մշակույթի մարդը կարող է գալ և ապականել համակարգը, իսկ ուղղակի տեսակով հայ մարդը կարող է փրկել համակարգը՝ չլինելով մշակույթի մարդ:

 

«Կարին» ազգագրական համույթի ղեկավարի կարծիքով՝ ոլորտն առանձին դիտել չի կարելի. լուրջ են թերացումներն իշխանության մեջ: Ըստ նրա՝ երկրում ամենակարևոր բացթողումը քաղաքացու տեսլականն է:


«Պետության թիվ մեկ խնդիրը պետության քաղաքացի դաստիարակելն է: Բայց մեր պետական, քաղաքական գործիչներից որևէ մեկի շուրթերից չենք լսում, թե ինչպիսին պետք է լինի հայ քաղաքացին: Սա ո՛չ նախարարի, ո՛չ էլ որևէ մեկի մեղքն է, այլ՝ ռուսական առածի՝ կարապի, խեցգետնի և գայլաձուկի նման է, ամեն մեկը մի կողմ է քաշում, ամեն մեկն օտարի սազն է նվագում և ուրիշների քամահրանքը կատարում: Այդպես սայլը երբեք չի կարող տեղից շարժվել»,-եզրափակեց Գագիկ Գինոսյանը: