Ինչու է դանդաղում Հայաստանի անդամակցութունը ՄՄ-ին և Եվրասիական տնտեսական միությանը. կարծիքներ
Պատահական չէ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ «Առաջին լրատվականի» հետ զրույցում արած այն հայտարարությունը, որ սա միջանկյալ փուլ է, որին, գուցե, Հայաստանի մասնակցությունը Եվրասիական միությանը անպայման չէ, համընկնում է այն փուլին, երբ Հայաստանում հրաժարական է տվել կառավարությունը: Այս մասին Tert.am –ին հայտնեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«Հասկանալի է, որ որոշակի հետաձգումներ են լինելու և պրոցեսը դանդաղելու է անխուսափելիորեն»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցի, թե ի՞նչ կարող են նշանակել նման հայտարությունները:
Հիշեցնենք, որ այս շաբաթ հայտնի դարձավ, որ թեև Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու ծրագրերն ուժի մեջ են, սակայն այս պահին որևէ խոսք դրանում Հայաստանի մասնակցության մասին չկա, քանի որ ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի մակարդակով հաղորդվել էր, որ 2015-ի հունվարի 1-ից Եվրասիական միություն ստեղծելու վերաբերյալ մայիսին պայմանագիր կստորագրեն Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները:
Ի պատասխան հարցի, թե սա վերաբերում է ինչպես ՄՄ-ին, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, որը լինելու է 2015-ին, քաղաքագետն ասաց. «2015–ի հունվարի 1-ը սարերի հետևում չէ, և, անշուշտ, մեկը մյուսի հետ կապված է, և եթե դանդաղի Մաքսային միությանն անդամակցության պրոցեսը, բնականաբար, դա կարող է խանգարել հունվարի մեկի պրոցեսին, չնայած, իհարկե, ցանկալի կլիներ, որ Հայաստանը լիներ հիմնադրի կարգավիճակում, այլ ոչ թե հետևորդի: Որոշակի դանդաղում չէր կարող չլինել, բայց թե այն կազդի՞ նրա վրա, որ Հայաստանը չի հասցնի մինչև հունվարի 1-ը լուծել Մաքսային միությանն անդամակցելու բոլոր խնդիրները, նախապատրաստվել Եվրասիական միության անդամակցության, դա արդեն ժամանակը ցույց կտա: Ես կարծում եմ, որ ժամանակ դեռ կա»:
«Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստոպա Սաֆարյանը, Tert.am –ի հետ զրույցում ասաց, որ դա այն է, ինչի մասին ինքը նշել էր դեռևս ապրիլի 3-ի իր վերլուծության մեջ: Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ արդեն ապրիլի 3-ին՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականի օրն արդեն Ղազախստանի նախագահը Մոսկվայում ՌԴ արտգործնախար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ ապրիլի վերջին շատ կարևոր հանդիպում է լինելու Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հետ և մինչև մայիսի վերջ կստորագրվի պայմանագիրը Ղազախստանի, Բելառուսի և Ռուսասատանի կողմից:
«Իսկ Մաքսային միության հարցը դուրս մնաց, որովհետև Մաքսային միությանը միանալու «Ճանապարհային քարտեզն» այս ապրիլին, փաստորեն, չի իրականացվել, որովհետև Հայաստանը կառավարություն չունի: Եվ արդեն Տիգրան Սարգսյանի հրաժարականի օրն արդեն հայտարարվեց, որ Հայաստանը նաև չի լինելու Եվրասիական միության հիմնադիր անդամ, և դրան հետևեց Տիգրան Սարգսյանի հրաժարականը»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ թեև միությունը ձևավորվելու է և, ըստ էության, գործելու 2015-ի հունվարից, նախնական փաստաթղթերը ստորագրվելու են մայիսին, իսկ մինչ այդ Հայաստանն իրականացնելու է ՄՄ անդամակցության «ճանապարհային քարտեզը» և մայիսին, ինչպես նախատեսում էին կողմերը, անդամակցելու է ՄՄ-ին:
Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը Տիգրան Սարգսյանի հրաժարականի օրը իր Facebook-յան գրառման մեջ անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հրաժարականի «ֆենոմենի» քաղաքական ասպեկտին, գրել էր.«Ահա թե ինչու էր Սերժ Սարգսյանին պետք, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը տեղի ունենա ոչ թե փետրվարին, այլև ապրիլին՝ ՀՀԿ համաժողովից հետո, որպեսզի անհերքելի, ծանրակշիռ ու ամենաթարմ ապացույցները ստեղծվեն մայիսին ընդառաջ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հարցում իրենց հետևողականության ու նվիրվածության վերաբերյալ: Մարտի վերջին ու ապրիլի սկզբին կառավարությունը փոխելու առաջին ու երկրորդ նախագահների միգուցե համաձայնեցված, իսկ միգուցե չհամաձայնեցված գործողությունների պիկին Սերժ Սարգսյանը Կրեմլին առավել տեսանելի է դարձնում, թե ինչպես են նրանք խոչընդոտում Հայաստանի եվրասիական ինտեգրացմանը»:
Դրանով, ըստ Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանության՝ Սերժ Սարգսյանը փաստացի ցուցանում է, որ ռուսական քամիներով իր դեմ դուրս բերված երկու նախագահները հենց իրենք են այս ֆորս-մաժորի պատճառն ու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խոչընդոտը:
Ինչից հետո նա եզրակացրել էր.«Այսպիսով, ինչպիսին էլ լինեն Տիգրան Սարգսյանի՝ փակագծեր չբացող հիմնավորումներն իր հրաժարականի վերաբերյալ, դրա տեղի ունենալը հենց այս պահին Սերժ Սարգսյանին թույլ տվեց մի շարք առանցքային խնդիրներ լուծել նախևառաջ արտաքին քաղաքական ճակատում»։
Ամփոփելով՝ «Ժառանգության» քաղաքական ղեկավարն ասաց՝ մնացածն արդեն թողնում եմ ընթերցողի մեկնաբանությանը: Սակայն վերծը նշվածը, ըստ Ստյոպա Սաֆարյանի, չի նշանակում, որ Հայաստանում նորից տեղի է ունենալու արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն:
«Չէ, Հայաստանը առնվազն պետք է շարունակի «և՛, և՛»-ի քաղաքականությունը: Հասկանու՞մ եք՝ եթե Հայաստանը չի դառնում Եվրասիական տնտեսական միության անդամ, հիմնադիր անդամ, ըստ որում, եթե կային դրա հնարավորությունները, ապա… հասկանալի չէ՞, որ դա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական, և հետևաբար, դա նաև երկրի իշխանության խնդիր է դնում: Եվ, հետևաբար, խախտվում է Սերժ Սարգսյանի ասած՝ «և, և»-ի քաղաքականությունը»:
Անդրադառնալով հնչող տեսակետներին,ն որ Հայաստանը նախատեսված ժամկետում՝ մայիսին չի դառնա ՄՄ անդամ, Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ այս տարվա մարտին 5-ին արդեն Սերժ Սարգսյանն «ուզում էր, Հայաստանը մայիսին արդեն դարձած լինի ՄՄ անդամ», որպեսզի կարողանա միանալ Եվրասիական միության ստեղծման պայմանագրին:
«Բայց Հայաստանին մերժեցին, և մերժեցին ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանը չէր կատարել ՄՄ «Ճանապարհային քարտեզի» բոլոր միջոցառումները, այլ նաև այն, որ Ռուսաստանը անվտանգության երաշխքիք չէր տվել մաքսային տոկոսադրույքների բարձրացման հետևանքով Հայաստանի տնտեսությանը պատճառվելիք վնասների համար: Դրա համար մարտի 5-ին հայտարարեցին՝ ոչինչ հիմա չեք դառնում ՄՄ անդամ, հետո մենք կքննարկենք Եվրասիական միությանը մինալու հնարավորությունը»,-ամփոփեց Ստյոպա Սաֆարյանը:
Tert.am –ը զրուցեց նաև ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ, որը ի պատասխան հարցի, թե քանի որ ապրիլին կառավարության հրաժարական տեղի ունեցավ, հնարավո՞ր է, որ մայիսին Հայաստանը չանադամակցի ՄՄ-ին, պատասխանեց մեկ՝ «ոչ» բառով:










