Վիեննայում կկայանա Ուկրաինայի հարցով ԵԱՀԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ
ԵԱՀԿ մշտական խորհրդի շտապ նիստն Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ կկայանա երկուշաբթի Վիեննայում։ Այս մասին Twitter-ում գրել է կազմակերպությունում Շվեյցարիայի հատուկ ներկայացուցչությունը, գրում է interfax.ru-ն:
«Շվեյցարական ներկայացուցչությունը մշտական խորհրդի հատուկ նիստ է հրավիրում այսօր ժամը 16:00-ին, որտեղ կքննարկվեն Ուկրաինայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«Այսօր կանցկացնենք Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հատուկ նիստ»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում:
Նշենք, որ Ուկրաինայի Գորլովկա քաղաքում ցուցարարներն այսօր փակել են կենտրոնական փողոցը՝ արգելափակելով ՆԳՆ քաղաքային վարչության շենքի մուտքը։ Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները ներխուժել են նաև ոստիկանության քաղաքային ստորաբաժանման շենք։










