Հովիկ Աբրահամյանի ծրագիրը կարդալուց հետո միայն կարելի է խոսել նրանից սպասելիքների մասին. Ռուբեն Հակոբյան
«Ժառանգությունը» մշտապես հայտարարել է և հիմա էլ հայտարարում է, որ անձի խնդիր դրված չէ, թե ով է Հայաստանի վարչապետը, կարևորը ծրագիրն է, որով նա կներկայանա:
«Ծրագիր, որը պետք է ունենա ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական բաղադրիչ: Եվ ծրագիրը կարդալուց, ուսումնասիրելուց հետո արդեն կարելի է կարծիք հայտնել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ պատասխանելով երեք հարցի՝ ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի տնտեսական քաղաքականությունը տարբե՞ր է լինելու Տիգրան Սարգսյանի քաղաքականությունից, ի՞նչ սպասելիքներ ունի դրական և բացասական առումով և արդյո՞ք նա, ինչպես ավելի վաղ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էր ասել, այն անձն է, ով ընդունելի է ժողովրդի համար:
Հիշեցնենք, որ ոչ իշխանական քառյակի ձևաչափով ժամանակին խոսվում էր այլընտրանքային տնտեսական ծրագրի՝ պլատֆորմի մասին:
Ի պատասխան հարցի, թե այդ այլընտրանքային ծրագիրն ուժի մե՞ջ է, «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավարն ասաց.« Եթե ուշադրություն դարձրեցիք, այնտեղ ընդհանրապես քաղաքական բաղադրիչի մասին խոսք չկար, և որևէ պլատֆորմ ամբողջական կարող է լինել միայն այն դեպքում, երբ նաև կա քաղաքական բաղադրիչը, այսինքն՝ համակարգափոխության , համակարգը փոխելու բաղադրիչը»:
Ի պատասխան հարցի էլ, որ Հովիկ Աբրահամյանը միշտ հայտարարել է, որ բաց է քաղաքական ուժերի առաջ, և, հետևաբար, գուցե կա՞ ծրագիր ներկայացնելու անհրաժեշտություն, որովհետև գուցե ինչ-որ կետեր ընդունվեն, Ռուբեն Հակոբյանն ասաց. «Դե քննարկումների ընթացքը ցույց կտա»:
Ամեն դեպքում, նման այլընտրանքային պլատֆորմ՝ իր ամբողջության մեջ, դատելով «Ժառանգության» անդամի պատասխանից, այս պահին չկա:










