ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները չեն աջակցել Մոսկվային ուկրաինական հարցում
Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստն Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ միասնական որոշման չի հանգեցրել։ Խորհրդի անդամ երկրներից և ոչ մեկը չի աջակցել Ռուսաստանին, գրում է Deutsche Welle-ն։
ՄԱԿ-ում Ուկրաինայի և Ռուսաստանի մշտական ներկայացուցիչներն Ուկրաինայի հարավ-արևելյան քաղաքներում իրավիճակի սրման հետ կապված փոխանակվել են մեղադրանքներով։ Նիստի արդյունքներով՝ ԱԽ-ի 14 անդամ երկրներից և ոչ մեկը չի աջակցել Ռուսաստանին։
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելյան շրջաններում իրավիճակի ապակայունացման սցենարը գրվել է Ռուսաստանի կողմից։ Նրա խոսքով՝ բողոքի ակցիաները «ռազմական գործողություններ» են, որոնց մասնակցում են «պրոֆեսիոնալ ուժեր»։
Ուկրաինական կողմը նշել է մեծ քանակությամբ ռուս գործակալների մասին, որոնք գտնվում են երկրի տարբեր քաղաքներում։ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները պատմել են, որ արբանյակից արված լուսանկարներում շատ լավ երևում են Ուկրաինայի սահմանին տեղակայված ռուսական զորքերը, այդ թվում՝ տանկեր և ինքնաթիռներ։
Իր հերթին, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը «հորինվածք» է անվանել խոշոր ռազմական ուժերի տեղակայումը սահմանամերձ տարածքում։ Նա նաև առաջարկել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն անհապաղ զանգահարի Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին՝ «անմիտ ուժային գործողությունները» կանխելու համար։










