Ուկրաինայի ԱԳՆ-ն սպառնացել է ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանը

18:03 • 14.04.14

Ուկրաինան կարող է ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանը, հայտնում է Газета-ն՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Դանիիլ Լուբկիվսկուն։

 

Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ Լուբկիվսկին հայտնել է, որ սահմանը փակելու համար ուկրաինական իշխանություններն ունեն բոլոր անհրաժեշտ միջոցներն ու գործիքները։

 

Փոխնախարարը նշել է, որ Ուկրաինան հույս ունի խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը, սակայն, «անմիջական ռազմական միջամտության դեպքում համապատասխանաբար կգործեն ուկրաինական զինված ուժերը»։

 

«Այսօր մենք տեսնում ենք անվտանգության լարված իրավիճակ երկրի արևելքում և հարավում։ Մենք զգուշացնում ենք Ռուսաստանին՝ չանցնել այդ կարմիր գիծը և հետ տանել իրենց հատուկ գործակալներին, դադարեցնել սադրանքները։ Դա է մեր հիմնական կոչը, դա է մեր հիմնական պահանջը»,- ասել է նա։