Ավարտվում է Ուկրաինայի արևելքում ցուցարարների առջև դրված վերջնագրի ժամկետը

10:40 • 14.04.14

Ուկրաինայի արևելքում արդեն առաջիկա ժամերին կարող է ռազմական հատուկ գործողություն սկսվել անջատողականների դեմ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Առավոտյան ժամը 10-ին կսպառվի զենքը վայր դնելու և գրաված վարչական շենքերն ազատելու համար ռուսամետ բողոքի ցույցերի մասնակիցներին Կիևի տրամադրած ժամկետը:

 

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն սկսել՝ Զինված ուժերի կիրառմամբ: Երկրի հարավ-արևելքի մի քանի քաղաքներում զինված մարդիկ շաբաթ և կիրակի օրերին գրավել են վարչական շենքեր: Կիրակի Մայդանի աջակիցների և հակառակորդների հանրահավաքներ են անցկացվել Զապորոժյեում, Լուգանսկում, Օդեսայում և Խարկովում: Բախումների ժամանակ վիրավորվել է առնվազն 50 մարդ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

 

Դոնեցկում, որտեղ այսպես կոչված՝ «Դոնեցկի Հանրապետության» ակտիվիստների հսկողության տակ է մնում շրջանային խորհրդի և շրջանային պետական վարչական շենքը, սկսել են կազմավորել ինքնապաշտպանության ջոկատներ՝ Մարիուպոլում, Կրամատորսկում և Սլավյանսկում ոստիկանության տեղական բաժինները գրաված մարդկանց օգնության համար: Սլավյանսկում հատուկ գործողության ընթացքում կիրակի օրն առավոտյան մահացել է Ուկրաինայի անվտանգության ծառայության «Ալֆա» հատուկ ստորաբաժանման կապիտան, ևս չորս հատուկջոկատային վնասվածքներ է ստացել: