Ուկրաինայում բացատրել են՝ ինչու արևելքում արտակարգ դրություն չեն մտցնում
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը երկրի արևելյան շրջաններում արտակարգ դրություն չի մտցնում նախընտրական արշավը չդադարեցնելու նպատակով, հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վիկտորյա Սյումարը, գրում է ria.ru-ն:
«Որովհետև արտակարգ դրություն մտցնել՝ նշանակում է այդ տարածքում նախընտրական արշավի դադարեցում, և դա կստեղծի դրա լեգիտիմության համար կասկածների հիմքեր»,- գրել է Սյումարը Facebook-ի իր էջում:
Գերագույն ռադայի կողմից նշանակված երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի ներգրավմամբ լայնամասշտաբ հատուկ գործողություն սկսելու մասին՝ երկրի արևելքում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։ Երկրի արևելքում վերջին օրերին բողոքի ակցիաներ են անցկացվում՝ Ուկրաինայի դաշնայնացման պահանջով։
Երկրում նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին։










