Յանուկովիչն ԱՄՆ-ին մեղադրել է Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ հրահրելու համար

08:48 • 14.04.14

Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովում կայացած արտահերթ մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել անհապաղ հանրաքվե անցկացնել՝ երկրի ճակատագիրը վճռելու համար, այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։


Նրա խոսքով՝ Ուկրաինան մեկ ոտքով արդեն քաղաքացիական պատերազմի մեջ է, իսկ հակամարտության սրմանը մասնակից է ԱՄՆ-ն։


Յանուկովիչն ընդգծել է, որ Ուկրաինան շարժվում է դեպի սնանկացում, իսկ երկրի ժողովուրդը երբեք չի ընդունի ազգայնականների թելադրածը։


«Ուկրաինայի սոցիալ-տնտեսական վիճակը վատանում է, երկիրը շարժվում է դեպի սնանկություն, իսկ դա սկսել է Մայդանից, երբ ազգայնականների մի մասն սկսեց իր կամքը թելադրել բնակչության մեծամասնությանը՝ ուժ կիրառելով, իսկ հետո նաև զենք օգտագործելով»,-ասել է նա։


Նա Ուկրաինայի նոր իշխանություններին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ և կոչ է արել զինծառայողներին չկատարել «հանցավոր հրամաններն» ու չկրակել Ուկրաինացի ժողովրդի վրա։ «Մարդիկ դրա համար ձեզ երբեք չեն ների»,- ասել է նա՝ ուկրաինացիներին կոչ անելով պահպանել երկրի միասնությունն ու պաշտպանել երկիրը։


Յանուկովիչն ընդգծել է, որ այսպես կոչված «կիևյան լիգան ուժ կիրառելու հանցավոր հրաման է տվել բանակին՝ ընդդեմ խաղաղ բնակչության»։ «Հիշեցնեմ, որ երբ մենք Կիևում էինք, նման մեթոդներ չէին կիրառվում ծայրահեղականների դեմ»,- ասել է նա։


Պաշտոնանկ նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուղղակիորեն կապված է Ուկրաինայի իրադարձությունների հետ և «նրանք պատասխանատվություն են կրում քաղաքացիական պատերազմի տարածման համար»։