ԲՀԿ պատգամավորը խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել. Նաիրա Զոհրաբյանի ձեռքին է այլ բովանդակությամբ դիմում

19:57 • 14.04.14

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել խմբակցություն: Այս մասին Tert.am-ին փոխանցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հակադարձելով տեղեկություններին, թե պատգամավորը ԲՀԿ խմբակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել:

 

«Ես չգիտեմ, թե Ազգային ժողով ինչ բովանդակությամբ դիմում է ներկայացրել Դավիթ Քոչարյանը, բայց խմբակցություն նա դիմում է ներկայացրել ապրիլի 11-ին՝ հետևյալ բովանդակությամբ. «ՀՀ ԱԺ նախահագ պարոն Հովիկ Աբրահամյանին՝ դիմում, Մեծարգո պարո´ն նախագահ, խնդրում եմ դադարեցնել իմ՝ ՀՀ ԱԺ պատգամավորի լիազորությունները՝ իմ դիմումի համաձայն: Սա փոխանցվել է խմբակցություն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ խոսքը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումի մասին է:

 

Խմբակցության քարտուղարը նաև նշեց, որ իրենք պատրաստվում են զրուցել Դավիթ Քոչարյանի հետ՝ հասկանալու մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնելու պատճառները:

 

Հարցին՝ արդյո՞ք այս ամենը Ձեր այն հայտարարության համատեքստում է, թե կհեռացվեն նրանք, ովքեր ինչ-որ ձևաչափով կոալիցիա կմտնեն, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Դիմումը Դավիթ Քոչարյանը գրել է ապրիլի 11-ին, իսկ այդ հայտարարությունը ես արել եմ այսօր»:

 

Նշենք, որ ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանն էլ մեզ փոխանցեց, որ պատգամավորը խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: