Հովիկ Աբրահամյանը կարող է լինել ճգնաժամային մենեջեր. Լյովա Խաչատրյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը համոզված է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է լինել ճգնաժամային մենեջեր, և չնայած իրենք անձերի հարց չեն դնել, բայց չեն էլ ընդունում ՀՀԿ-ի այն տեսակետը, թե վարչապետը սայթաքել է։
«Ինձ համար անհասկանալի է «սայթաքել» բառը, սայթաքում են սառույցի վրա կամ բանանի կճեպի վրա։ Ի՞նչ է նշանակում՝ վարչապետը սայթաքեց»,-ասաց նա և թվարկեց բյուջեի վատնման մի քանի օրինակ, ինչպիսին են բիոզուգարանները, վարկային քաղաքականությունը։
«Կամ էլ 17 մլն դրամ էր ծախսվում, թե ինչպես կովի ծծերը մաքրել։ Սա սայթաքել չէ, սա անհասկանալի մարտավարություն էր, և կարծում եմ՝ այս կառավարությունն իր առաջիկա ծրագրերում այս ամենը հաշվի պետք է առնի և բյուջեում փոփոխություն մտցնելով՝ ներառի բոլոր այն խնդիրները, որոնք պունկտ առ պունկտ բարձրաձայնվում էին, որ նորից չգնանք ասենք, ինչու սրա համար ծախսեցինք»,- ասաց նա։
Ըստ ԲՀԿ–ական պատգամավորի՝ Հովիկ Աբրահամյանն ընդունելի է այնքանով, որ նա կարողանում էր խորհրդարանում ինչ-որ առումով սուր անկյունները հարթել, ուներ կազմակերպելու ունակություն, փորձ։ «Այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ ակադեմիական գրքեր կարդալը և կարդացածից ցիտատներ բերելը այս վիճակում չի օգնի։ Պետք է կյանքի փորձ ունեցող լինի»,-ասաց նա։
Հարցին, թե Հովիկ Աբրահամյանի առաջադրումով կապվել է ԲՀԿ-ի ոտքն ու ձեռքը, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ կարածում՝ որևէ մեկը կարող է որևէ ձևով կապել ԲՀԿ-ի ոտքն ու ձեռքը, դա կարող են կապել իրենց լավ գործողություններով ու դրանով տեսանելի դարձնելով, չնայած դրանով էլ չեն կարող կապել, մենք կարող ենք մասնակից լինել»,- ասաց նա։
Պատգամավորը, այդուհանդերձ, մի բան չի ընդունում, որ նոր վարչապետին ազատ կադրային փոփոխության հնարավորություն են տվել, բայց ծրագրերի մեծ մասը մնում է նույնը։ Նախագահն ասում է՝ «կուտակայինին» ձեռք չտաք, մաքսային, հարկային բարեփոխումներին ձեռք չտաք»,-ասաց նա, ապա ավելացրեց, թե ԲՀԿ-ի օրակարգում նախագահին իմփիչմենտի հարց չկա։
Հանրապետական կուսակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը խոստովանում է՝ ՀՀԿ-ն նոր վարչապետից ու կառավարությունից ակնկալիքներ ունի՝ բարելավելու և սկսած գործողությունները հասցնելու և ավելի արդյունավետ դարձնելու համար։
Ըստ նրա, նախագահի հայտարությունը, կաշառքի հարցով սխալ է ընկալվել։ «Խոսքը կաշառակերության հետ կապված երևույթների վրա ավելի շատ ուշադրություն հատկացնելու մասին է, հատկապես պետբյուջեի հետ կապված շատ ավելի ուժեղացվելու է հսկողությունը։ Ուժեղացվելու է հսկողությունն այդ երևույթների նկատմամբ»,- ասաց նա։
Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, թե բնականաբար Հովիկ աբրահամյանն ունի կենսագրություն, կազմակերպչական ջիղ և շատ հեռատես է։
Ինչ վերաբերվում է Տիգրան Սարգսյանին, ապա վարչապետի ծրագրերը, ըստ նրա, եղել է նախագահի ու կուսակցության ծրագրերը։ «ՀՀԿ-ի և կառավարության ծրագրերը չեն կարող տարբերվել, դրանք պետք է շարունակվեն»,- ասաց նա։ Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ փոխվեց, պատասխանեց. «Այնպես չէր, որ նա լավ չէր աշխատում, այլ բան է, փորձի հետ կապված. ճգնաժամը մեծապես ազդեց թվերի վրա, բաց դա չի նշանակում, որ չի աշխատել»,-ասաց նա։










