Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը պարզել է դիվերսիոն խմբի ղեկավարի ինքնությունը. նա ՌԴ ԶՈւ սպա է

19:03 • 15.04.14

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հաստատել է ռուսական դիվերսիոն խմբի ղեկավարի ինքնությունը, որն ահաբեկել էր տեղի բնակչությանը, գրավել վարչական շենքերը, ապակայունացրել հասարական-քաղաքական իրավիճակը Ուկրաինայի արևելյան շրջաններում: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հաղորդել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության մամլո-ծառայությունը:


Հաղորդագրության մեջ նշվում է, որ դիվերսիոն խմբի ղեկավարն է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության հատուկ ջոկատի սպա Իգոր Ստրելկովը:


Ինչպես հայտնել են Ուկրաինայի Անվտանգության ծառայությունից՝ հենց նրա ձայնն է հնչել հեռախոսազրույցի ձայնագրության մեջ, որը ԶԼՄ-ները հրապարակել էին ապրիլի 14-ին, որում նա խոսում է Սլյավյանսկում կազմակերպվող ահաբեկչության և ուկրաինացի իրավապահներով մեքենայի ուղղությամբ կրակոցներ հնչեցնելու մասին:


«Օպերատիվ-հետաքննչական գործողությունների ժամանակ Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ավելի վաղ ձերբակալված դիվերսանտները ճանաչել են Ստրելկովին՝ նշելով, որ նա է իրենց վերապատրաստել և հանձնարարել գրոհել վարչական շենքերը Խարկովում»,-ասվում է հաղորդագրության մեջ: