Երկրի արևելքում իրավիճակը չի ազդի ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման ժամկետների վրա. Ուկրաինայի ԱԳՆ

18:00 • 15.04.14

Ուկրաինայի արևելքում իրավիճակը չպետք է ազդի ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական մասի ստորագրման ժամկետների վրա, հաղորդում է interfax.ru-ն՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը:

 

«Ես հույս ունեմ, որ դա չի ազդի»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ի Եվրամիության բաժնի ղեկավար Վսեվոլոդ Չենցովը:

 

Նա հստակեցրել է, որ արևելքում իրավիճակն ընդհանուր առմամբ ազդում է Ուկրաինայում քաղաքական կայունության վրա, բայց դա չպետք է հանգեցնի ԵՄ-ի հետ փաստաթղթի ստորագրման հետաձգմանը:

 

Չենցովը նաև տեղեկացրել է, որ այդ փաստաթղթի ստորագրման ամսաթիվը կողմերը դեռ չեն հստակեցրել, սակայն տեքստն արդեն ամբողջովին համաձայնեցվել է, և ոչ մի փոփոխություն չի մտցվի:

 

Հիշեցնենք, որ վերջերս Բրյուսելում կայացել է ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածի ստորագրման արարողությունը։