Եթե Հ. Աբրահամյանի անձը չեն վիրավորում, նա չի հակադարձում, իսկ Լ. Տեր-Պետրոսյանն անարժանապատիվ ձևով էր արտահայտվել. Գ Սահակյան
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համար էլ անսպասելի էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կտրուկ և սուր հայտարարությունն ուղղված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։
«Ինձ համար էլ ակնհայտ անսպասելի էր, բայց Լևոն Տեր-Պետրոսյանն անարժանապատիվ ձևով էր արտահայտվել իր կայքում Հովիկ Աբրահամյանի նկատմամբ»,-Tert.am-ին ասաց ՀՀԿ պատգամավորը։
Նա ընդգծեց, որ եթե անձնական վիրավորանք չլիներ, նման հայտարարությամբ նոր վարչապետը հանդես չէր գա։ «Երբեք ու երբեք, եթե Հովիկ Աբրահամյանի անձը չեն վիրավորում, նա երբեք չի հակադարձում»,-նշեց նա։
Նշենք, որ ilur.am-ը, Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան էջին հղում անելով, գրել էր. «Լեռը մուկ ծնեց»։
Հիշեցնենք, որ իր հերթին էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարության մեջ նշել էր, թե «չարությունն ու նենգությունը պետք է սահման ունենան, ծերությունը պետք է արժանապատիվ վայելել, ոչ թե շարունակել անել ամեն ինչ, որ Հայաստանում վատ լինի»։










