ՀՀ ոստիկանապետը նախատոնական հանդիպումներ է անցկացրել (լուսանկարներ)

22:22 • 15.04.14

Այսօր՝ ոստիկանության մասնագիտական տոնի նախօրեին, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում է ունեցել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։


Հաղորդագրության մեջ ասվում է. «Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության հասակակից ոստիկանության կենսագրության դրվագներին և այսօր համակարգում ընթացող բարեփոխումներին՝ ոստիկանության պետը կարևորել է այն խնդիրները, որ այսօր պետությունն ու հասարակությունը առաջադրում են ոստիկանությանը, առաջնահերթությունները, որոնք օրենքի ու ժամանակի պահանջն են։

Խոսելով ոստիկանության ծառայողի բարոյակամային չափորոշիչների, իրավապահի պարտքի անվերապահ կատարման և մասնագիտական ունակությունների կատարելագործման մասին` ոստիկանության պետն ընդգծել է, որ անսակարկելի են ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը, պատասխանատվությունը գործի հանդեպ, հավատարմությունը երդմանը։


Նույն օրը Վլադիմիր Գասպարյանն այցելել է Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանման 1033 զորամաս։ Ոստիկանության պետը մոմ է վառել զորամասի մատուռում, ստուգել է ճաշարանի պայմաններն ու զինծառայողների սննդի որակը, ծանոթացել է նրանց հանգստի հնարավորություններին։


Շարահրապարակում ոստիկանության պետին է ներկայացվել զորամասի հատուկ տեխնիկան, ստուգվել է տեխնիկայի պատրաստականությունը, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։


Անձնակազմի հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ոստիկանության 96-ամյա ուղուն, Վլադիմիր Գասպարյանը կարևորել է ծառայության դերը Հայաստանի երեք հանրապետությունների պատմության մեջ, անդրադարձել է ոստիկանության զորքերի դերին պետականության ամրապնդման ու հասարակության կայացման գործում, յուրաքանչյուր զինծառայողի պատասխանատվությանը երկրի ներքին անդորրի ու քաղաքացու իրավունքների ապահովման համար, և շնորհավորելով զինծառայողներին տոնի առթիվ` նրանց մաղթել է անմնացորդ ծառայություն օրենքին ու ժողովրդին, հավատարմություն մարդասիրական առաքելությանը։


Հանդիպման ավարտին Ոստիկանության զորքերի մի խումբ զինծառայողներ տոնի առթիվ պարգևատրվել են ոստիկանության պետի կողմից»։