Վարչապետ Հովիկ Աբրահամյանի արձագանքը ՀԱԿ-ի հայտարարությանը

11:55 • 15.04.14

ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է «Հայ ազգային կոնգրեսի» հայտարարությանն այն մասին, որ հայտնի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Նախագահ Սերժ Սարգսյանի հեռացումը։


- Պարո՛ն վարչապետ, ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել այն մասին, որ հայտնի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը, Ձեր արձագանքն ենք խնդրում այդ հայտարարությանը:


- Գիտե՞ք, Ազգային ժողովում ես բավականին արդյունավետ համագործակցել եմ նույն ՀԱԿ-ի պատգամավորների հետ, ու միասին բազմաթիվ օրենսդրական նախագծեր ենք ավելի լավը դարձրել կամ զարգացմանը տանող նախաձեռնություններ ենք իրականացրել: Վստահ եմ, որ նույն Գագիկ Ջհանգիրյանի, Հրանտ Բագրատյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի և մեր մյուս գործընկերների հետ մենք դեռ շատ դրական գործեր կանեինք, եթե ես մնայի Ազգային ժողովում: Բայց ավելի քան վստահ եմ, որ հիմա այդ համատեղ աշխատանքը կրկնակի ավելի օգուտ կարող է բերել մեր երկրին, ու ես անպայման փորձելու եմ կրկնակի ավել համագործակցել ԱԺ իմ բոլոր գործընկերների հետ:


Ինչ վերաբերում է Ձեր նշած հայտարարությանը: Երբեք չեմ ընդունել ու չեմ ընդունում մութ անկյունում նստած խառնակչությամբ զբաղվելու գործելաոճը: Եթե առանձին մարդկանց թվում է, որ ոչ ոք չի նկատում տողերի մեջ թաքցրած՝ սեփական ուժերից վեր ամբիցիաները, և որ իրենք կարող են ուրիշների ձեռքով իրենց համար կարկանդակներ հանել, ապա իսկապես սխալվում են: Ժամանակները փոխվել են. մեր հասարակությանը հետաքրքրում է առկա խնդիրներին լուծումներ տալը, բոլորի ուժերի միավորումը սոցիալտնտեսական վերելքի համար, ոչ թե տարբեր ժամկետանց խարդավանքներին հետևելը: Չարությունն ու նենգությունը պետք է սահման ունենան, ծերությունը պետք է արժանապատիվ վայելել, ոչ թե շարունակել անել ամեն ինչ, որ Հայաստանում վատ լինի:


Ես իսկապես լավատես եմ: Միասին մենք բազմաթիվ հարցեր ենք լուծելու: Մեր ժողովրդի համար լավատեսության մեծ հիմքեր ենք տալու: Սա է իմ արձագանքը: