Կոտայքի մարզում դանակահարության հետևանքով 28-ամյա երիտասարդ է մահացել
Ապիրլի 14-ին` ժամը 18:05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի շտապօգնության խումբը «որովայնի առաջնային պատի էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերք, կլինիկական մահ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1986 թ. ծնված Վաղինակ Սիմոնյանին:
Ձեռնարկաված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզնի գյուղի տարածքում գտնվող ընկերության անասնագոմին կից տնակում, վիճաբանության ժամանակ, Վ. Սիմոնյանին իր մոտ եղած դանակով հարվածել է 1952 թ. ծնված Միշա Ս.-ն, ինչի հետևանքով Վ. Սիմոնյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Նույն օրը, ժամը 19:05-ին Միշա Ս.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Միշա Ս.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:










