Ուժի կիրառումը կարող է տապալել Ուկրաինայի հարցով քառակողմ հանդիպումը. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել չհավատալ նրանց, ովքեր հայտարարում են Ուկրաինայի հարցով Ժնևում նախատեսվող հանդիպումը տապալելու Ռուսաստանի մտադրության մասին, հաղորդում է ria.ru-ն: «Մի՛ հավատացեք, այդ ամենը սուտ է»,- հայտարարել է Լավրովը:
Նա նաև կոչ է արել չհավատալ Ուկրաինայի արտգործնախարարության հայտարարություններին, թե Ժնևում չի քննարկվելու Ուկրաինայում ներքաղաքական իրավիճակը:
«Մենք հավաքվում ենք հենց դրա համար»,- նշել է Լավրովը:
Բացի այդ, նա հայտարարել է, որ երկրի հարավ-արևելքում ուկրաինական իշխանությունների կողմից ուժի կիրառումը կտապալի Ժնևում Ուկրաինայի հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունները:
«Ես արդեն առաջին անգամ չէ, որ ասել եմ՝ եթե հարավ-արևելքում ուժ կիրառվի, դա, հավանաբար, կտապալի այժմ Ժնևում պլանավորվող հանդիպման անցկացման հնարավորությունները»,- հավելել է Ռուսաստանի արտգործնախարարը:










