ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

12:51 • 15.04.14

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Քաղաքական և գործընկերության կոմիտե+Հայաստան ձևաչափով հանդիպմանը, որը նախագահում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով փոխտեղակալ Ջոնաթան Փերիշը:


Հանդիպման ընթացքում Դաշինքի անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներին Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները, քննարկվեցին և համաձայնեցվեցին Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում Հայաստանի 2014թ. Գործընկերության նպատակները:


Բարձր է գնահատվել Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին, պաշտպանական կրթության, կառավարման, թափանցիկության ընդլայնման, զինված ուժերում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման, ժողովրդավարական վերահսկողության և այլ բնագավառներում արձանագրված առաջընթացը, կարևորվել է պաշտպանական բարեփոխումների բնագավառում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակականության ապահովումը:


Նույն օրը հանդիպում է տեղի ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ, դեսպան Ստամատոպուլոսի հետ: Փոխանակվել են կարծիքներ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հեռանկարների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության շուրջ: