Ուկրաինայի իրադարձություններում Մոսկվայի «մատն է խառը». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններում Մոսկվայի «մատն է խառը»։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, սակայն չի կարողացել հաստատել այդ պնդումն ապացույցներով, գրում է ИТАР-ТАСС-ը:
Ելույթ ունենալով Լյուքսեմբուրգում ԵՄ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հերթական անգամ կոչ է արել ՌԴ-ին հեռացնել զորքերն Ուկրաինայի հետ սահմանից, «դադարել լինել խնդրի մի մասը և դառնալ լուծման մի մաս»:
Պատասխանելով լրագրողների հարցերին, թե որքանով են վստահության արժանի ՆԱՏՕ-ի տեղեկություններն Ուկրաինայի արևելքում խռովություններին Ռուսաստանի մասնակցության մասին, Ռասմուսենն ասել է, որ «այդ տեղեկությունը հուսալի է»՝ հրաժարվելով ապացույցներ ներկայացնել:
«Մենք սկզբունքորեն չենք մեկնաբանում հետախուզական տվյալները»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ տարածաշրջանում իրավիճակն արդեն ամեն ինչ հուշում է։
ՆԱՏՕ-ն չի քննարկում Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման ռազմական սցենարը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: «Մենք անհրաժեշտ ենք համարում գտնել քաղաքական և դիվանագիտական լուծում»,- ընդգծել է նա:










