Պուտինն Աքսյոնովին Ղրիմի ղեկավար է նշանակել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Աքսյոնովին Ղրիմի Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Ապրիլի 14-ով թվագրված փաստաթուղթն ուժի մեջ է մտել ստորագրման պահից։
Երկրորդ հրամանագրով Պուտինը Սերգեյ Մենյայլոյին նշանակել է Սևաստոպոլի նահանգապետի պաշտոնակատար։
Նախօրեին Պուտինը հանդիպում էր ունեցել Աքսյոնովի հետ, որի ընթացքում այդ ժամանակ դեռևս Ղրիմի վարչապետին հայտնել էր հանրապետության ղեկավարի լիազորությունները վստահելու մասին։
Նախագահն ընդգծել է, որ Աքսյոնովը շատ բան է արել Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիավորվելու հարցում։
Նա նշել է, որ Աքսյոնովն այժմ պետք է ավելին անի հանրապետության ղեկավարի պաշտոնում։
«Ղրիմն արհեստականորեն վերածել են սուբսիդավորվող շրջանի, և այդ իրավիճակից դուրս գալու համար շատ բան է պետք անել, աշխատել այնքան համառորեն, որքան դա անում էիք մինչ այժմ, և աշխատել պրոֆեսիոնալ»,-ասել է երկրի ղեկավարը։










