Ուկրաինայի նախագահի թեկնածուի դեմ գործ է հարուցվել
Կիևի դատախազությունը քրեական գործ է հարուցել պատգամավոր և նախագահի թեկնածու Օլեգ Ցարյովի դեմ, հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում անելով Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը։
Մամուլի ծառայության համաձայն՝ դատախազության նման արձագանքը կապված է զանգվածային միջոցառումների ժամանակ, ինչպես նաև ԶԼՄ-ներում Ցարյովի հրապարակային ելույթների հետ, որոնցում նա «երկրի բաժանման կոչ է արել, անջատողական մտադրություններ արտահայտել»:
Նրա մեղքի ճանաչման դեպքում Գլխավոր դատախազությունը կդիմի Գերագույն ռադա և Կենտրոնական ընտրական հանձնաժողով Ցարյովին ժողովրդական պատգամավորի և նախագահի թեկնածուի կարգավիճակներից զրկելու համար։
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, ուկրաինական ICTV հեռուստաընկերության շենքում, ուր պատգամավորը եկել էր «Խոսքի ազատություն» հաղորդման ուղիղ եթերին մասնակցելու համար, Ցարյովն արգելափակվել և դաժան ծեծի է ենթարկվել իր թիմակիցների հետ: Ամբոխը պահանջել է, որ նա հանի իր թեկնածությունը նախագահական ընտրություններից:










