Ուկրաինական Սլավյանսկին տանկեր են մոտենում. լրատվամիջոցներ
Տանկերն ու ծանր ռազմական տեխնիկան ուկրաինական զորամասերից շարժվում են դեպի Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաք, հայտնում է unian.net-ը:
Այդ մասին ИТАР-ТАСС գործակալությանն ասել է Սլավյանսկի քաղաքապետի պաշտոնակատար Վյաչեսլավ Պոնոմարյովը։
Նրա խոսքով՝ քաղաքի ուղղությամբ տանկեր են շարժվում, բայց ինքն արյունահեղություն չի ուզում և տրամադրված է կառուցողական բանակցությունների։
«Տարբեր կողմերից հաղորդագրություններ են ստացվում տեխնիկայի մասին... Մենք չենք ցանկանում արյուն թափել, մենք տրամադրված ենք բանակցությունների»,-ասել է նա։
Պոնոմարյովը հաղորդել է, որ քաղաքում վերականգնվել է իրավապահ մարմինների աշխատանքը։ Նրա խոսքով՝ ոստիկանության աշխատանքը վերականգնվել է բանակցություններից հետո, որոնց ընթացքում հաջողվել է համաձայնության գալ փողոցներում համատեղ հերթապահություն սահմանելու հարցում։
Մարտից երկրի դաշնայնացման կողմնակիցների հանրահավաքներ են տեղի ունենում Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկում, Խարկովում, Լուգանսկում։ Դրանց մասնակիցները պահանջում են հանրաքվե անցկացնել՝ որոշելու իրենց շրջանների կարգավիճակները։
Շաբաթ օրը ցույցերը տարածվել են նաև Դոնեցկի շրջանի այլ քաղաքներում՝ Սլավյանսկում, Մարիոպոլում, Ենակիևոյում, Կրամատորսկում և այլուր։










