Ուկրաինացի զինվորները վերահսկողություն են հաստատել Կրամատորսկի օդանավակայանում
Ուկրաինացի զինվորականները վերահսկողություն են հաստատել Կրամատորսկի օդանավակայանում, որը գտնվում էր Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների ձեռքում: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին Интерфакс-Украина գործակալությանը հայտնել է քաղաքի ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ վերջինս ընդգծել է, որ Կրամատորսկը շարունակում է մնալ ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության ներքո:
«Մեզ իսկապես դուրս են հանել օդանավակայանից, սակայն քաղաքը մեր վերահսկողության տակ է, մենք այնտեղ ոչ ոքի չենք թողնի», - հայտարարել է ինքնապաշտպանության ներկայացուցիչը:
Քաղաքի ինքնապաշտպանության ուժերից ավելի վաղ հաղորդում էին, որ պայքարը Կրամատորսկում ավարտվել է, և կրակոցներ այլևս չեն հնչում: Հաղորդվում էր ինքնապաշտպանության ուժերի կողմից մեկ վիրավորի մասին:
Ինչպես հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը՝ Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքում ուկրաինացի ուժայինները հատուկ գործողություններ են սկսել Ուկրաինայի իշխանությունների կողմից հայտարարված հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում:










