U.S. Airways-ը ներողություն է խնդրել ինքնաթիռի փոխարեն մերկ կնոջ լուսանկար հրապարակելու համար
Ամերիկյան U.S. Airways ավիաընկերությունը սխալ թվիթի պատճառով հայտնվել է բավական տհաճ իրավիճակում՝ ստիպված լինելով ներողություն խնդրել։ Ինչպես նշում է Al Arabiya-ն, Boeing 777 օդանավի լուսանկարի փոխարեն ավիաընկերությունը տեղադրել է անվայելուչ մի լուսանկար, որը պատկերում է սեռական հարաբերություն ունեցող մի մերկ կնոջ։
Աղբյուրը մանրամասնում է, որ ավիաընկերությունը Twitter-ի իր էջում ցանկացել է պատասխանել ուղևորներից մեկի հարցադրմանը, ով փորձել է տեղեկանալ, թե ինչու է Boeing-ն ուշանում չվերթի նշանակված ժամից։ Սակայն արդյունքում U.S. Airways-ը հայտնվել է շատ անհարմար իրավիճակում։
Հայտնի է, որ լուսանկարը թվիթերյան էջում մնացել է ընդամենը 22 րոպե, սակայն դա բավական է եղել համացանցում իրարանցում առաջացնելու համար։ Նշվում է, որ ավիաընկերության էջը Twitter-ում ունի 418.000 հետևորդ, որոնց մի մասը շտապել է կիսվել անհասկանալի լուսանկարով։
Ավելի ուշ U.S. Airways-ը ստիպված է եղել ներողություն խնդրել մերկ կնոջ համար՝ տեղեկացնելով, որ իրենք որևէ կապ չունեն լուսանկարի հետ։










