ԱՄՆ-ն Ուկրաինային 11.4 մլն դոլար է տրամադրել արտահերթ ընտրությունների անցկացման համար
ԱՄՆ-ն Ուկրաինային 11.4 մլն դոլարի օգնություն է տրամադրել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման նպատակով, որոնք նախատեսված են մայիսի 25-ին։
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հաղորդել է պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին։ Նա տեղեկացրել է, որ միջոցները տրամադրվել են ԱՄՆ միջազգային զարգացման վարչության և արտաքին հարաբերությունների գերատեսչության կողմից։
Վաշինգտոնում հույս ունեն, որ դա կնպաստի Ուկրաինայում նախագահական ազատ, արդար և խաղաղ ընտրությունների անցկացմանը։ Գումարն օգտագործվելու է տեղական և միջազգային դիտորդներին աջակցելու, քվեարկության գործընթացը կատարելագործելու, ընտրողներին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու համար։
Բացի այդ, ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի կառավարությանը տնտեսական բարեփոխումներ իրականացնելու հարցում, ներառյալ` Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության ծրագրով։










