ԲՀԿ-ն այսօր ՀՅԴ-ից կհարցնի՝ մտնու՞մ են նրանք կոալիցիա, թե՝ ոչ

13:15 • 16.04.14

Այսօր քառյակի ձևաչափի շրջանակներում մեկնարկած նիստին «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները կհետաքրքրվեն իրենց գործընկերներից՝ Դաշնակցությունն ի վերջո մտնելո՞ւ է կոալիցիա, թե՝ ոչ:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նախքան նիստի մեկնարկը հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» կողմից նիստին մասնակցող Ստեփան Մարգարյանը՝ ի պատասխան մեր համապատասխան հարցի:


«Կգան իրենք, վստահ եմ՝ կասեն, եթե չհարցնենք էլ, բայց, իհարկե, կհարցնենք, որովհետև մենք էլ կուզենանք հասկանալ, իրենք էլ կուզենան, որ մենք հասկանանք: Այնպես որ, այսօր ամեն ինչ պարզ կլինի »,- ասաց Ստեփան Մարգարյանը և հավելեց, որ համենայն դեպս, նախորդ նիստի ժամանակ Դաշնակցության ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են, որ չեն մտնելու կոալիցիա:


«Հիմա եթե ինչ-որ բան է փոխվել, վստահ եմ, կգան կասեն»,- մեկնաբանեց ԲՀԿ-ական պատգամավորը:


Հիշեցնենք, որ Yerkir.am-ին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը , ի պատասխան հարցի, թե, ի վերջո, ՀՅԴ-ն կոալիցիային մաս կազմելու է, դաշնակցական պատգամավորն ասել էր, որ իրենք հստակ ձևակերպել են իրենց համար, թե ինչ է անհրաժեշտ անել` երկիրը ծանր ճգնաժամային վիճակից հանելու համար, դա ներկայացրել են հանրապետության Նախագահին, և ՀՅԴ-ն, կախված իշխանությունների արձագանքից, արձագանքի տարողությունից, կորոշի իր անելիքները:


Իսկ այսօր էլ «Ժողովուրդ»-ի աղբյուրներն էին փոխանցել, որ մինչև ապրիլի 18-ը ՀՅԴ ԳՄ ժողովը պաշտոնապես կորոշի Դաշնակցության դիրքորոշումը. արդեն իսկ կուսակցությունը տվել է իր համաձայնությունը մաս կազմելու կոալիցիային՝ ստանալով երկու նախարարական պորտֆել՝ առաջարկելով Լևոն Մկրտչյանի և Արծվիկ Մինասյանի թեկնածությունները։


Այս դիտարկմանն ի պատասխան Ստեփան Մարգարյանը որևէ մեկնաբանություն չարեց՝ ասելով, որ հենվում է քառյակի նիստին իրենց պաշտոնական հայտարարության վրա:


Ւսկ եթե Դաշնակցության պատասխանը դրական լինի, ապա դրանից բխո՞ւմ է, որ քառյակը դառնում է եռյակ. այս հարցին անդրադառնալով՝ Ստեփան Մարգարյանն առաջարկեց «եթե»-ներով չխոսել և պատասխանեց ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի խոսքերով, ով կոալիցիա մտնելու հետ կապված ասել էր՝ «կապրենք՝ կտեսնենք»:


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ, անդրադառնալով Դաշնակցության կոալիցիա մտնելու դեպքում քառյակի ձևաչափին, նույնպես պատասխանեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքերով:


«Ես կարծում եմ՝ պարոն Վարդանյանի պատասխանն ամենաճիշտն է, կապրենք՝ կտեսնենք, երբ որ մտնեն, այն ժամանակ կմեկնաբանենք»,- ասաց նա։


Մեր դիտարկմանն ի պատասխան, թե մյուս կողմից, եթե Դաշնակցությունը խոսում է ամբողջական իշխանափոխության, համակարգափոխության մասին, ապա ինչպես կարող է մտնել կոալիցիա, Արմեն Մարտիրոսյանը նկատեց. «Պարոն Վարդանյանը փորձառու քաղաքական գործիչ է, ինքը տեղյակ է, որ Հայաստանում շատ բան կարող է տեղի ունենալ մեկ րոպեում, և նաև այն, ինչ մինչ այդ նախատեսված չէր, ուստիև՝ որպես փորձառու քաղաքական գործիչ, ինքը ճիշտ է արել, որ ոչինչ չի բացառել»:


Հիշեցնենք, որ քառյակի ձևաչափի շրջանակներում նախատեսվում էր այլընտրանքային տնտեսական պլատֆորմի ստեղծում: Ստեփան Մարգարյանը դրա հետ կապված հայտարարեց, որ պետք է համարել, որ այն, ինչ հնչել է Ծաղկաձորում՝ քառյակի տնտեսական ֆորումին, քառյակի տեսակետն է:


«Համարեք, որ առաջարկված է»,- ավելացրեց նա:


Tert.am-ը մեկ հարց էլ ուղղեց Ստեփան Մարգարյանին, որ եթե հանկարծ պարզվի, որ Հայաստանի ընդդիմությունը համալրվում է ևս մեկ ուժով՝ ի դեմս ՕԵԿ-ի, վերջինս ասաց. «Իսկ ինձնից ի՞նչ պատասխան եք սպասում, կմտնի, կտեսնենք էլի»: