Կարծում եմ՝ քառյակն աստիճանաբար կձևափոխվի. Աղասի Ենոքյան
Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետ, «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի նախկին պատասխանատու Աղասի Ենոքյանը չբացառեց, որ այս շրջանում «Դ!ԵՄ ԵՄ»-ի տղաների քաղաքական ակտիվությունը նույնպես կպակասի ու ավելացրեց. «Եթե ես ճիշտ դուրս գամ, կպարզվի, որ «Դ!ԵՄ ԵՄ»-ը նույնպես քաղաքական մանիպուլյացիաների է ենթարկվում»:
-Պարոն Ենոքյան, այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը անուն առ անուն նշելով ՀԱԿ պատգամավորներին և մյուս գործընկերներին, հայտարարել էր, որ դեռ շատ դրական գործեր կանեին միասին, եթե ինքը մնար Ազգային ժողովում, սակայն, ըստ էության, քաղաքական թոշակառու էր անվանել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ասելով. «Ծերությունը պետք է արժանապատիվ վայելել, ոչ թե շարունակել անել ամեն ինչ, որ Հայաստանում վատ լինի»։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այդպես:
- Ես կարծում եմ՝ ոչ իշխանական քառյակը ՀԱԿ-ից ստացավ այն, ինչ որ պետք է և հիմա արդեն իրեն կարող է թույլ տալ այդպես վարվել ՀԱԿ-ի հետ:
-Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանին ներառում եք քառյակի մեջ:
- Համենայն դեպս, Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում նշանակվեց քառյակի ճնշման տակ:
- Իսկ քառյակն իր ձևաչափը կպահպանի՞, թե, եթե պահպանի էլ, անիմաստ կառույցի կվերածվի:
- Եթե իմ առաջին ենթադրությունը ճիշտ է, կամ դրա վերաբերյալ մամուլի հրապարակումները ճիշտ են, ապա կարծում եմ՝ քառյակի խնդիրը լուծվեց: Այսինքն, երևի ձևաչափը պահպանելու հարց չի լինի: Արդեն իսկ, կարծես թե, այս վերջին հանդիպմանը այն ձևափոխվեց և կարծում եմ՝ աստիճանաբար կձևափոխվի:
-Դուք քաղաքական պրոցեսներին երկար տարիներ հետևում եք, չեք նկատե՞լ, որ վերջին շրջանում ոչ իշխանական, ընդդիմադիր ուժերը ոչ հրապարակային քաղաքականություն են վարում: Այսինքն՝ կարող են իրենց թույլ տալ ողջ խմբակցությունով հեռախոս չվերցնել, կամ եթե հանդիպում ես՝ բացահայտ հայտարարել, որ չեն պատասխանի այդ հարցին ու վերջ:
-Ես չգիտեմ՝ այսօր Հայաստանում ընդդիմադիր ուժերն ովքեր են, որովհետև կան ոչ իշխանական ուժեր, բայց նրանք ընդդիմադիր չեն: Եվ երկրորդ. այդ տեխնիկական հարցը, որ հեռախոս չեն վերցնում, կարծում եմ, նրանից է, որ խոսնակները, պատգամավորները կամ պրոցեսին մասնակից չեն, կամ դա խոսում է այն մասին, որ որոշումներն ընդունում են ոչ թե 36 հոգին կամ 20, այլ մեկ հոգի, և նա կա'մ այդ ժամանակ որոշում ընդունած չի լինում, կա'մ կուսակիցներին տեղյակ պահած չի լինում:
-Փաստորեն, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պարտադիր կուտակային համակարգը պետք է ներդրվի, Գալուստ Սահակյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերահաստատեց դա: Բայց «Դ!ԵՄ ԵՄ» թիմը նախքան այդ՝ անցած շաբաթ օրը, քաղաքացիական անհնազանդության կոչեր արեց՝ չվճարել կոմունալ վարձերը, կանխիկացնել բանկերում ունեցած դրամը և այլն: Հնարավո՞ր է, որ այս շրջանում «Դ!ԵՄ ԵՄ»-ի տղաները դառնան ընդդիմադիր պրոցեսների կրողը:
-Կարծում եմ, որ այս շրջանում «Դ!ԵՄ ԵՄ»-ի տղաների քաղաքական ակտիվությունը նույնպես կպակասի: Եթե ես ճիշտ դուրս գամ, կպարզվի, որ «Դ!ԵՄ ԵՄ»-ը նույնպես քաղաքական մանիպուլյացիաների է ենթարկվում:
-Հետևաբար, պրոցեսներ չեք ակնկալում:
-Կարծում եմ, որ կլինեն պրոցեսներ, և չեմ բացառում, որ դրանք հիմա ավելի ու ավելի շատ դրսից հրահրված լինեն: Ի նկատի ունեմ՝ Ռուսաստանից: Արդեն մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը սկսում է ավելի անթաքույց կամ ինտենսիվ միջամտել Հայաստանի քաղաքական պրոցեսներին:
- «Ժառանություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը կոչ արեց ստեղծել Եվրոպական ալյանս, ու դրանից հետո քար լռություն տիրեց արևմտամետների շրջանում: Ի՞նչն է պատճառը, եթե Հայաստանի քաղաքական ներկապնակում նման արժեքային համակարգ կրող ուժերը, ինչպես իրենք են պնդում, այդքան շատ են:
-Ես տեղյակ չեմ, կարծում եմ, որ դրան պետք է հետևեր բանակցությունների որոշակի շրջան,և տեղյակ չեմ՝ դրանք ինչպես են ավարտվել, և հիմա ինչ վիճակում է Արզումանյանի հայտարարած ալյանսը: Թեև ինքս կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը կա Հայաստանում և ավելին՝ օրախնդիր է:
- Կան տեղեկություններ, որ ընդդիմադիր գործիչ Դավիթ Շահնազարյանն իր հերթին, վերլուծաբան Իգոր Մուրադյանը՝ իր, զբաղված են արևմտյան ակումբների հիմնումով, անգամ հաղորդվում էր անուն՝«Եվրաատլանտիկ»:
-Ինքներդ եք նշում մի քանի տարբեր դաշինքների մասին, խմորումների, դա ինքնին նշանակում է, որ այսօր Հայաստանում կա նման եվրոպական շարժման անհրաժեշտություն:
-ՄՄ-ին Հայաստանի անդամակցության դանդաղեցման վերաբերյա՞լ ինչ կասեք:
- Չեմ կարծում՝ կդանդաղի, պետք է սպասել, թե Ռուսաստանն ինչպես է վարվում, եթե նա չի հասցնում մարսել Ուկրաինայի դեպքերը, միգուցե նա ինքը գնա դադարեցման: Բայց չեմ կարծում, որովհետև այսօր Ռուսաստանը չի գնում ռացիոնալ քաղաքականության, այսօր նրան հենց այդպիսի հաղթանակներ են պետք:
Լուսանկարը՝ Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից










